Փորձել են մոլորեցնել ՊԵԿ-ին․ ոչնչացման ենթակա հավի կրծքամսի փոխարեն ոսկորներ են եղել

Ներմուծող ընկերությունը խախտումների համար տուգանվել է մոտ 7 միլիոնի չափով։
Sputnik
Մսամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը ոչնչացման ենթակա 25,5 տոննա սառեցված հավի կրծքամսի փոխարեն փորձել է ոչնչացնել այլ կենդանիների ոսկորներ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նման բացահայտում է արվել հսկողական միջոցառումների իրականացման ընթացքում, երբ աշխատակիցներն այցելել են տվյալ ընկերություն և ներկա գտնվել ոչնչացման գործընթացին։
Նշվում է, որ ներմուծված խմբաքանակը հայտարարագրվել էր ոչնչացման ենթակա, քանի որ համապատասխան մարմնի կողմից իրացման համար չէր ստացել թույլտվություն։
«Պարզվել է, որ ոչնչացման ենթակա մսամթերքի մի մասը տվյալ ընկերությունը փոխարինել է այլ կենդանիների ոսկորներով, դատարկ տուփերով, ավելին՝ պարզվել է նաև, որ ապրանքի քաշը ևս չի համապատասխանել հայտարարագրում նշված քաշին։ Հետագա հսկողության արդյունքում էլ պարզ է դարձել, որ 25 տոննա 500 կգ քաշով հավի կրծքամսից 15 տոննա 840 կգ քաշով ոչնչացման ենթակա կրծքամիսն առհասարակ առկա չի եղել»,- տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ–ը կազմել է արձանագրություն: Թույլ տված խախտումների համար ընկերությունը տուգանվել է 6 900 000 դրամի չափով։
ՊԵԿ–ը հայտնաբերել է 38 870 տուփ չդրոշմավորված և առանց նույնականացման տվյալների ծխախոտ