2023 թվականի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է օդային և ցամաքային ճանապարհներով անօրինական եղանակով ՀՀ–ից արտահանվող շուրջ 1,5 միլիոն տուփ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Նշված դեպքերի առթիվ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Միևնույն ժամանակ ՊԵԿ–ն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ ծխախոտ արտադրողները սկսել են առանց նշագրման, սպիտակ տուփերով ծխախոտ վաճառել։
«Կատարված հսկիչ գնումներով, արձանագրվել են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտների շուրջ 5170 տուփի վաճառքի դեպքեր, բացի այդ, վաճառողների մոտից հայտնաբերվել են շուրջ 38 870 տուփ չդրոշմավորված և առանց որևէ նույնականացման տվյալների ծխախոտ»,– ասված է հաղորդագրությունում։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրամասերում ու պահեստային տարածքներում։ Հայտնաբերվել են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտներ և դրանց արտադրության հետքեր։
Ձեռք բերված ելակետային տվյալների հիման վրա կատարվել են պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներ, որոնց հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ արտադրած ընկերության սեփականատիրոջն և ընկերության տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է։