ՄԻՊ ներկայացուցիչները կտեսակցեն Նորատուսում ձերբակալված ձկնորսներին

ՄԻՊ գրասենյակ
Ավելի վաղ ՔԿ–ն հաղորդել էր, որ ձկնորսները զանգվածային խուլիգանություն են կատարել, 26 անձ է ձերբակալվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Նորատուս՝ տեսակցելու ձերբակալված ձկնորսներին։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը։
«Տեղի կունենան առանձնազրույցներ ձերբակալված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ձերբակալելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքում ձկնորսները զանգվածային խուլիգանություն են կատարել, բռնություն են կիրառել ծառայողական պարտականություններ իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ, ձերբակալվել է 26 անձ։
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում, որի ժամանակ նրանց է մոտեցել 200 ձկնորսական նավակ։ Ձկնորսները հայհոյել են, սպառնացել, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։