ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդությունը։
Այն ներկայացրել էր մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը։
Որոշումը կարելի է բողոքարկել 10-օրյա ժամկետում։
«Միջնորդությունը մերժվել է հաշվի առնելով մի քանի հանգամանք։ Դատարանն արձանագրել է, որ Գագիկ Խաչատրյանի մոտ առկա են մի շարք հիվանդություններ, որոնք հաստատվել են բժշկական փաստաթղթերով, դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով և այլ փաստական տվյալներով։ Դատարանն ամբաստանյալի բացակայությունն անհարգելի չի համարել, քանի որ ցանկացած դատական նիստից առաջ համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել»,– նշեց դատավոր Արթուր Մկրտչյանը։
Նրա խոսքով` դատարանը նաև որոշել է, որ նախնական պայմանավորվածության համաձայն նիստը կհետաձգվի ու տեղի կունենա 2024 թ. հունվարի 8-ին, ժամը 11։00-ին։
Հիշեցնենք, որ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։
Ըստ դատախազության՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված 25 անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում բռնագանձման ենթակա է 210 միավոր անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում։
Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնաբաժիններ և ավելի քան 40 միլիարդ դրամ գումար:
Բռնագանձման ենթակա գույքի ցանկում է նաև նախկին պաշտոնյային պատկանող շքեղ առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում։