Գյուղում կմնամ, մեկս երկու կսարքեմ․ արցախցիները Սյունիքի ջերմոցներում կանաչեղեն են մշակում

Անդրանիկ Հարությունյան
Արցախցի երկու ընտանիքներ հաստատվել են Գորիսի Բարձրավան գյուղում։ Հարևաններ են, ինչպես նախկինում՝ Արցախում, այստեղ էլ իրենց փոքրիկ ջերմոցային տնտեսություններով են զբաղվում։ Չնայած կրած փորձություններին` վստահ են՝ ոտքի են կանգնելու։
Sputnik
Հալալ-զուլալ բարձրավանցի․ ինքն իր մասին խոսելիս կատակելով այսպես է ասում 42-ամյա Անդրանիկ Հարությունյանը։ Վերջին պատերազմից հետո 8 հոգուց (4 զավակներ, եղբայր, մայր, կին) բաղկացած ընտանիքը Գորիսի Բարձրավան գյուղ է տեղափոխվել Շուշիի շրջանի Եղցահողից։ Դա այն 4 համայնքներից (Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր) մեկն էր, որ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո մնացին լիակատար շրջափակման մեջ, կտրված էր կապը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ամբողջ Արցախի հետ։
«Էդ վերջում էր տենց, բայց մոտ մի 6 ամիս մեր գյուղը բաց էր դեպի Գորիս, բայց ոչ դեպի Ստեփանակերտ։ Առևտուրն էնտեղից էինք անում, բերում էինք մեր կողմից՝ պոստի տղերքի հետ թաքուն ճանապարհով ուղարկում Ստեփանակերտ»,- հիշում է Անդրանիկը։
Դեպի Գորիս ճանապարհի փակվելուց հետո էլ տարբերակ գտնում էին Ստեփանակերտ գոնե գյուղական մթերք ուղարկելու համար։ Գյուղացիներից ով ինչ ուներ, տանում էր վարչական ղեկավարի մոտ, մի ձև ուղարկում էին քաղաք, որ մարդիկ սոված չմնան։
Անդրանիկ Հարությունյան
Անդրանիկը 44-օրյա պատերազմին մասնակցելուց հետո աշխարհազորի կազմում ընդգրկվեց՝ գյուղի պաշտպանության համար։ Ասում է՝ և՛ գումար էր ստանում (150 հազար դրամ), և՛ գյուղը պաշտպանում։ Ծիծաղում է՝ գումարը ստանում էր, ծախսելու տեղ չկար, առիթ եղավ գումարը հավաքելու, կուտակված պարտքերը մարելու։
Պատերազմի հենց առաջին օրը ռուս խաղաղապահները կանանց ու երեխաներին դուրս բերեցին գյուղից, տեղափոխեցին անվտանգ տարածք, տղամարդիկ մնացին մինչև 26-ը, զինաթափվեցին, իրենց կանանց ու երեխաների հետ դուրս եկան Արցախից։
Անդրանիկի կինն ու դուստրը
«Լավ էր՝ սոված մնայինք, բայց մեր հողում, էս էլ է մերը, բայց դե․․․ Հերս 92-ին գյուղի պաշտպանության ժամանակ ա զոհվել, գերեզմանն էլ իրանց տունն ա, թողեցինք, մի ծաղիկ կարալ չենք դնել»,- ասում է Անդրանիկը։
1 / 10

Անդրանիկի ջերմոցը

2 / 10

Աիդայի ընտանի թռչունները

3 / 10

Անդրանիկի կինն ու մայրը

4 / 10

Անդրանիկի կինը` Սուսաննան

5 / 10

Անդրանիկի ջերմոցը

6 / 10

Աիդայի ջերմոցը

7 / 10

Անդրանիկի նորակառույց մոդուլային տունը

8 / 10

Անդրանիկի դուստրը` Զոյան

9 / 10

Անդրանիկի դուստրը` Լարիսան

10 / 10

Անդրանիկի նորակառույց մոդուլային տունը

Այստեղ՝ Բարձրավանում, ընտանիքն իրեն օտար չի զգում, նորակառույց մոդուլային տուն են տվել, հարևանությամբ՝ ջերմոց, ինքն էլ 2 ու կես հա արտ է գնել, աշնանացանն արդեն արել։
«Վարել եմ, ցանել, արդեն փսալել ա»։
Անդրանիկի մայրը՝ տիկին Լարիսան էլ կողքից ավելացնում է իր ձեռքբերումը՝ 4 հավ, մեր այցելության օրն էլ առաջին անգամ հավերից մեկը ձու է ածել։
Անդրանիկի մայրը՝ Լարիսան
«Ձմեռն անցնի, մի 200-300 հատ ճուտ վերցնեմ։ Գյուղում եմ ապրելու, մեկս երկուս եմ սարքելու»,- նշում է Անդրանիկն ու մեզ առաջնորդում ջերմոց, որտեղ աճեցնում են ժենգյալով հացի կանաչիներ, բողկ, հազար, լոլիկի, պղպեղի, բադրիջանի սածիլներ։ Ասում է՝ դեռ փորձնական է մշակում ընտանիքի համար, հետագայում արդեն վաճառքի մասին կմտածի։ Գարնանն էլ նպատակ ունի նաև ազնվամորիներ աճեցնելու։
Հարևան տանն ապրում, ջերմոցն էլ մշակում են Իշխանաձորի իրենց հարևանները (2017-ին Անդրանիկի ընտանիքը տեղափոխվել էր Իշխանաձոր, որտեղ գտնվող իրենց տունը կորցրեցին 44-օրյա պատերազմի հետևանքով)։
Աիդա Սարգսյան
42-ամյա Աիդա Սարգսյանը 4 զավակների և ամուսնու հետ Քաշաթաղից տեղահանվել է 2020 թվականին։ Մոտ 3 տարի ապրել են Բարձրավանի տներից մեկի նկուղային հարկում, սեպտեմբերից իրենց ընտանիքին էլ այստեղ մոդուլային տնակ տրվեց։ Իշխանաձորի տունը կորցնելուց հետո բնակարանի ձեռքբերման համար ընտանիքը 10 միլիոն դրամի սերտիֆիկատ է ստացել։ Չեն կարողանում սերտիֆիկատն օգտագործել, որովհետև ընտանիքը մոտ 3 միլիոնի կուտակված վարկ ունի։ Աիդան հեպատիտ Ց-ով է հիվանդ, յուրաքանչյուր ամիս ընտանիքը ստիպված է թանկարժեք դեղորայք ձեռք բերել։
Աիդայի կրտսեր որդին
Իշխանաձորը կարոտել է, բայց Բարձրավանում էլ իրենց կյանքը պատկերացնում է։ Ասում է՝ դաշտերը լիքն են ժենգյալով հացի կանաչիներով, անտառներն՝ ընկույզով, կարելի է վաճառել, ապրել։ Աշխատող մարդու տեղ է, միայն թե առողջություն լինի։
Բարձրավանի տներն ու ջերմատները