ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քուրը` Տաթևիկ Վիրաբյանն ազատվեց տնային կալանքից։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
»Այսօր Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում կայացել է «Զանգվածային անկարգությունների» գործով առաջին դատական նիստը։ Օրենքի համաձայն` քննարկվել է նաև վարույթով անցնող Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոցի հարցը։
«Իմ միջնորդությունը, որ Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոցը պետք է վերացվի, քանի որ դրա համար չկա որևէ հիմք, դատարանը բավարարեց ու ազատ արձակեց նրան»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բաբայանը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 10–ին` ժամը 13.00–ին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։ Սեպտեմբերի 24–ին Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվեց։ Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է։
Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշում կայացրեց նոյեմբերի 6-ին։