«Խաղաղության խաչմերուկը» կարող է հետաքրքրել խոշոր խաղացողներին․ փորձագետը նշեց պայմանները

Արխիվային լուսանկար
Հայաստանի համար կարևոր է երկրի տարածքում զարգացնել ենթակառուցվածքային նախագծերն ու հաղորդակցությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունը կարող է հետաքրքիր լինել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական տարբեր խաղացողներին։ Սակայն արդեն այսօր Երևանը պետք է սկսի լուծել ենթակառուցվածքային խնդիրներն ու գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Այս մասին Ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի ուսումնասիրման եվրասիական V համաժողովի շրջանակում Sputnik Արմենիային հայտնեց «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանը։
Միջոցառումը Երևանում հավաքել էր 19 երկրների առաջատար փորձագետների։ Նպատակը՝ ներկայացնել Հայաստանը, Չինաստանի հետ համագործակցության ներուժն ու հնարավորությունները, և ոչ միայն։
Մհեր Սահակյան
Սահակյանը նշեց, որ մեկուսացման մեջ գտնվող ոչ մի երկիր չի կարող լիարժեք զարգանալ։ Կարևոր է տարածաշրջանային երկրների և համաշխարհային խաղացողների հետ տրանսպորտային կարգավորված կապ ունենալը։
«Խաղաղության խաչմերուկը» լավ գաղափար է։ Նախագիծը պետք է առաջ մղել, այն կարող է հետաքրքիր լինել տարբեր խաղացողներին և որոշակի առումով փակել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Ես կասեի, այս գաղափարի հայտարարման հարցում ուշացել են», - ասաց Սահակյանը։
Փորձագետը կարծում է, որ միայն հայտարարությունները բավարար չեն․ արդեն այսօր է պետք սկսել արդիականացման, երկաթգծերի վերանորոգման, կայարանների կառուցման աշխատանքները։ Երևանը պետք է նաև սեղմ ժամկետներում ավարտի «Հյուսիս-Հարավ»-ի շինարարությունը։ Փորձագետը կարծում է, որ միայն այն դեպքում, երբ Հայաստանը առաջարկելու բան ունենա, հետաքրքիր կդառնա գործընկերների համար։
Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունն առաջին հերթին անհրաժեշտ է հենց Հայաստանին։
Այս համատեքստում Սահակյանը կարևոր անվանեց Չինաստանի հետ համագործակցության հաստատումը։ Փորձագետը նշեց, որ Երևանն ու Պեկինը կարող են շփման եզրեր գտնել ֆինանսաբանկային ոլորտում, մասնավորապես՝ Հայաստանում չինական բանկի մասնաճյուղ բացել։
«Հինգ տարի խոսում էինք Ենթակառուցվածքների և զարգացման ասիական բանկի հետ ավելի սերտ համագործակցելու մասին, այսօր այդ ուղղությամբ որոշակի քայլեր են արվում», - ասաց Սահակյանը։
Նա կարծում է, որ ՀՌՀ-ի և Ֆրանսիական համալսարանի նման Հայաստանում կարող է հայ-չինական բուհ բացվել։ Բացի այդ, Չինաստանը առաջատարներից մեկն է տեխնոլոգիաների ոլորտում, և այստեղ կարելի է Չինաստանի տեխնոլոգիական համալսարանի մասնաճյուղ հիմնել։
Հիշեցնենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում «Մետաքսի համաժողովի» շրջանակում։ Նախագծի շրջանակում Հայաստանը պատրաստ է 7 անցակետ տեղադրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին։ Ադրբեջանի հետ՝ Կայան (Տավուշ) գյուղի մոտ, Սոթքում (Գեղարքունիք), Քարահունջի և Անգեղակոթի մոտ (Սյունիք), Երասխում (Արարատ), Թուրքիայի հետ՝ Ախուրիկի (Շիրակ) և Մարգարայի (Արմավիր) հատվածներում։
«Մեկ գոտի` մեկ ճանապարհ». Պեկինը պատրաստ է Երևանի հետ կոնկրետ համագործակցության
Երևանը նախատեսում է հանրապետության տարածքում վերականգնել նաև ընդհանուր 130 կմ երկարությամբ երկաթուղային 4 հատվածները։ Դրանք են՝ Նռնաձոր-Ագարակ հատվածը (43 կմ), Երասխ-Նախիջևան (1 կմ), Գյումրի-Թուրքիայի սահման (6 կմ), Հրազդան-Կայան (80 կմ)։
Ֆինանսների նախարարության նախնական գնահատականներով՝ «Խաղաղության խաչմերուկի» ամբողջական կառուցումը 500 մլն դոլար կարժենա։