ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները անբարոյական դիրքորոշում են որդեգրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԼՂ մյուս նախկին առաջնորդների նկատմամբ, որոնք հայտնվել են Բաքվի բանտերում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«ՀՀ իշխանությունը, ըստ էության, բախտի քմահաճույքին է հանձնել այդ մարդկանց՝ ոչինչ չանելով նրանց ազատ արձակման համար և ոչ մի պահանջ չներկայացնելով ադրբեջանական իշխանություններին»,– ասաց նա։
Ըստ Զուրաբյանի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս ՀՀ իշխանությունների ստեղծած «ռազմապատժիչ հանձնաժողովի» անդամ է։
«Նա էլ է օգնում, որ Նիկոլ Փաշինյանը չունենա որևէ լուրջ հակառակորդ որևէ համայնքում, որևէ համայնքում չլինի ընդդիմադիր ղեկավար։ Նիկոլ Փաշինյանը քրեական գործ է հարուցում, օրինակ, Ալավերդիի ղեկավարի դեմ, Ալիևն էլ` Ռուբեն Վարդանյանի»,– նշեց ՀԱԿ փոխնախագահը։
Նրա խոսքով`այսօր իշխանությունը պետք է գոնե մի քիչ համերաշխության կեցվածք ունենար ու այդ ստոր ծրագրին դադար տար, տեր կանգներ Արցախի` կալանավորված նախկին ղեկավարությանը։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները սեպեմբերի վերջին ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։