Ինչպես է ընթանում Վերին Լարս տանող նոր ճանապարհի շինարարությունը. տեսանյութ

Շրջանցիկ ճանապարհի կառուցման նախագծի իրականացումը թույլ կտա Վրաստանի մայրաքաղաքից մինչև Ռուսաստանի սահման ճանապարհը կրճատել գրեթե մեկ ժամով։
Sputnik
Վրաստանում ակտիվ տեմպերով ընթանում է տարածաշրջանում ամենաերկար թունելի շինարարությունը, որը Վերին Լարս է տանում (ՌԴ սահման): Նախատեսված 9 կիլոմետրից 8-ն արդեն փորվել է։ Աշխատանքները կավարտվեն 2024 թվականին։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Խոսքը Խաչի լեռնանցքի տակ գտնվող 9–կիլոմետրանոց թունելի մասին է, որը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի մի մասն է: Թունելը երեք գիծ է ունենալու, երթևեկությունն անխափան իրականացվելու է երկու ուղղություններով: Յուրաքանչյուր 500 մետրը մեկ թունելից տարհանման ելքեր են լինելու։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։
Այժմ Քվեշեթի-Կոբի ճանապարհին արդեն փորվել է մեկ 1,5 կիլոմետրանոց թունել ու ևս մեկ թունելի մի մասը։
Նշվում է, որ նոր ճանապարհի կառուցման ավարտից հետո ձմեռային շրջանում երթևեկությունը դեպի Վերին Լարսի անցակետ այլևս չի սահմանափակվի:
Ներկայիս ճանապարհի երկարությունը 34 կմ է, նոր ճանապարհն այն կկրճատի ևս 11 կմ-ով: Եթե հիմա այդ ճանապարհն անցնում են մեկ ժամում, ապա նախագծի ավարտից հետո 15 րոպե կպահանջվի:
Այսպիսով, Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) հասնելու ժամանակը 2 ժամ 30 րոպեից կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե:
Գործող ճանապարհի երթևեկությունը եղանակային պայմանների պատճառով տարեկան միջինում 90 օր փակ է կամ դժվարանցանելի բեռնատարների համար:
Կոբի գյուղից մինչև Քվեշեթի 23 կմ շրջանցիկ հատվածի շինարարության ավարտը թույլ կտա շուրջօրյա անխափան երթևեկություն ապահովել այդ տարածքով դեպի Ռուսաստան: Սա կարևոր է նաև Հայաստանի համար. հայկական բեռնատարները կկարողանան անարգել հասնել Ռուսաստան՝ առանց շաբաթներ շարունակ հերթերի մեջ մնալու։
Գյումրու չոր նավահանգստի նախագիծը վերլուծության վերջին փուլում է. Քերոբյան