ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի նկատմամբ՝ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար։ Այս մասին տեղեկանում ենք դատախազության լրատվական ծառայությունից։
Մասնավորապես նշվում է, որ Ակոպյանը, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը, համատեղությամբ նաև լինելով երկու ամբիոնների ավագ դասախոս, ՊՈԱԿ-ի ռեկտորի հրամաններով հանձնաժողովների կազմում ընդգրկված չլինելու պայմաններում դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:
«2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից՝ Ռ.Ն.-ից, Հ.Ս.-ից, Մ.Ա.-ից, Մ.Ծ.-ից, Ս.Ա.-ից, Վ.Մ.-ից և Ն.Պ.-ից, ընդունել է լուծարային քննություններն ու նշանակել դրական` «60» գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը»,-նշված է հաղորդագրությունում:
Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ):