ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ավտոներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունը ՌԴ–ում ավտոմեքենաների վաճառքը ձևակերպել է ինքնարժեքից ցածր գնով՝ պետությանը պատճառելով ավելի քան1 մլրդ 727 մլն դրամ, որն արդեն ամբողջությամբ վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըտս հաղորդագրության՝ մի խումբ անձինք ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում նյութական օգուտներ քաղելու նպատակով 2022 թ․ հունիսի 20-ին հիմնադրել են ՍՊԸ։ Դրա միջոցով 2022-2023թթ․ Գերմանիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծել են 18․700․000․000 ՀՀ դրամ արժեքով 748 ավտոմեքենա։
ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու և հարկերից խուսափելու հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար նույն ժամանակահատվածում 748 ավտոմեքենաներն արտահանել են Ռուսաստան: Դրանցից 221-ը օտարվել է ռուսական ընկերությանը, 527-ը՝ ՌԴ քաղաքացիներին, որոնցից 224-ը ձևակերպվել են ինքնարժեքից ցածր գներով։
«Դրա հետևանքով արհեստականորեն ձևավորվել է ավելացված արժեքի 3.565.578.173 դեբետային գումար, իսկ հանցավոր գործունեությունից ստացված նյութական օգուտները քաղելու նպատակով, այն է՝ ԱԱՀ-ի գերավճարը ստանալու համար 20․03․2023թ․ 279.030.719 դրամի և 02․10․2023թ․ 3․187․749․831 դրամի չափով դիմումներ են ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Պարզվել է, որ ռուսական ընկերությանը արտահանված 221 ավտոմեքենաների դիմաց ՌԴ-ում վճարվել է 1․837․844․902 ՀՀ դրամ ներմուծման ավելացված արժեքի հարկ, իսկ ՀՀ-ին պատճառված վնասը կազմել է 1․727․733․271 ՀՀ դրամ։
Համակողմանի և պատշաճ նախաքննության արդյունքում Հայաստանին պատճառված 1․727․733․271 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։