«Զինվորի տան» տղաներն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում են։ «Հայրենիքիս» խորագրով համերգը մեկնարկեց հուզիչ պարային համարով։ Սայլակով տեղաշարժվող հայրենիքի 5 պաշտպաններ պարում էին «Կյանք ու կռիվ» ֆիլմի հայտնի երաժշտության ուղեկցությամբ։
«Զինվոր տան» տղաները օպերայի բեմում
© Sputnik / Aram Nersesyan
Նրանց համար պրոթեզներն էլ խոչընդոտ չեն. հայրենիքի պաշտպանները մարտի դաշտն էին դղրդացնում, իսկ այսօր էլ հայկական քոչարիով` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը։ Այս կադրերը դիտելիս դժվար է հավատալ, որ բոլոր տղաները պրոթեզներով են։
Իսպանական կրքոտ պար Արշակ Հովհաննիսյանի կատարմամբ, ում 2 ոտքերն ամպուտացվել են դեռ 1994-ին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, որը Արշակը 20 տարեկան էր և ծառայում էր Հորադիզում։
«Զինվորի տան» Արշակին հանդիսատեսը դիմավորեց ու ճանապարհեց հատուկ բուռն ծափահարություններով, քանի որ մասնագիտությամբ վարսավիր Արշակը, որ արդեն պապիկ է, զարմանալի արտիստիզմ ցույց տվեց՝ օպերայի բեմն իր էներգիայով և ուժով լցնելով։
«Զինվոր տան» տղաները օպերայի բեմում
© Sputnik / Aram Nersesyan
Միջոցառմանը ներկա են ՀՀ կառավարության անդամներ, դեսպաններ, հանուն հայրենիքի անմահացած զինվորների հարազատներ։
Վերջում երկար ու չլռող հոտնկայս ծափահարություններ էին։ «Միշտ ամեն ինչ կարելի է նորից սկսել». այս բառերով ավարտվեց համերգը։ Տղաներն իրենց օրինակով այսօր էլ ցույց տվեցին, որ անհնար ոչինչ չկա, երբ կա հզոր հոգի։