ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Բազմաթիվ հայկական բեռնատարներ Վերի Լարսով մուտք են գործել Ռուսաստան: Այս մասին հաղորդագրություն է տարածել պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը՝ շեշտելով, որ Վերին Լարսի անցակետում մշտադիտարկվում է Ռուսաստանի Դաշնություն գնացող ուղղությունը։
«Ինչ վերաբերում է այն բեռնատարներին, որոնք կանգառել են անցակետում և առաջացել է շուտ փչացող ապրանքների մտահոգիչ հարց, ապա դրանց մասով խնդիրներն օպերատիվորեն վերհանելուն զուգահեռ, միաժամանակ համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է Էկոնոմիկայի նախարարությանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին համատեղ քննարկելու և հետագա գործողությունները պլանավորելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Շեշտվում է նաև, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը Վերին Լարսի անցակետում է և պատրաստ է աջակցել բեռնափոխադրողներին։ Անհրաժեշտության դեպքում կարող են կապ հաստատել նաև ՊԵԿ ներկայացուցչի հետ:
Հիշեցնում են՝ անցակետում ստեղծված իրավիճակը մշտապես գտնվում է կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության ներքո: Հարցի առնչությամբ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
Հայտնել էինք, որ «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտի համար երթևեկությունը թույլատրվել է։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։