ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Իրանի քաղաքացի Ղ.Ա.-ի կողմից շահագործվող ավտոբուսում գտնվող շագանակագույն կաշվե պայուսակի կողային պատերում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերել են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։ Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ նշված պայուսակը ՀՀ–ում պետք է ստանար Չինաստանի քաղաքացի Լ. Լ.-ն:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով պայուսակի փոխարեն նույնանման փոխարինված զանգվածներով պայուսակը ստանալուց հետո, ձերբակալվել է Լ. Լ.-ի կինը` ՀՀ քաղաքացի Ս. Խ.-ն: Վերջինս իր բնակարանում ունեցել է նշված կաշվե պայուսակին նմանվող ևս 3 պայուսակ և դրանք հանձնել է ՊԵԿ աշխատակիցներին: Զննության արդյունքում պարզվել է, որ նշված պայուսակների նույնպես լցված են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով»,– ասված է հաղորդագրությունում:
Ավելի ուշ` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է ինքնակամ ներկայացել Չինաստանի քաղաքացին, որը ձերբակալվել է։ Նա տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
Հիշյալ դեպքով ձեռնարկված միջոցառումների արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 10 կգ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 800 միլիոն դրամը:
Դեպքի առթիվ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը կամ դրանք ապօրինի իրացնելը և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց համարժեք նյութերի մաքսանենգությունը հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: