«Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II»-ի ֆինանսավորումը երկարաձգվեց մինչև տարեվերջ

Երևանի մետրոպոլիտեն. Արխիվային լուսանկար
Պայմանագրով ֆինանսավորվում են Երևանի մետրոյի համակարգի վերակառուցման գերակա կապիտալ ներդրումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II» պայմանագրի ֆինանսավորումը երկարաձգվեց մինչև տարեվերջ` դեկտեմբերի 28–ը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թ. մայիսի 10–ին ստորագրվել և, այնուհետև, փոփոխվել էր «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II» ֆինանսական պայմանագիրը` շուրջ 5 մլն եվրո արժողությամբ։ Այն այսօր կրկին փոփոխվեց:
Պայմանագրով ֆինանսավորվում են Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման գերակա կապիտալ ներդրումները:
Որոշման մեջ նշվում է, որ մինչ օրս իրականացվել է մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգում և արդիականացում, գնացքների մեքենավարների համար ուսուցման վարժասարքի նախագծում, մատակարարում և մոնտաժ, հրշեջ սարքավորումների մատակարարում, մետրոյի վագոնների լվացման սարքավորման նախագծում, մատակարարում և մոնտաժ։
Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագիծն ամբողջովին պատրաստ է. Երևանի քաղաքապետ
«Ինժեների և Երևանի մետրոպոլիտենի հաշվարկով ծրագրի իրականացումից հետո մնալու են ազատ վարկային միջոցներ մոտ 2 մլն եվրոյի չափով, որը Երևանի մետրոպոլիտենը մտադիր է ուղղել դեպոյի արդեն վերանորոգված տանիքի ֆինանսավորման, դռների վերանորոգման, շարժասանդուղքների ձեռքբերման և տեղադրման և այլնի համար»,– նշված է որոշման մեջ:
Այսպիսով, ՀՀ կառավարությունը որոշեց վարկային միջոցների վերջին հասանելիության ժամկետը երկարաձգվել մինչև 2023 թ. դեկտեմբերի 28–ը: