Երևանում բազմաբնակարան շենքերի կառուցման և բնակարանների վաճառքի գործունեություն իրականացնող անձինք գնորդների հետ կեղծ պայմանագրեր կազմելով` պետությանը չեն վճարել շուրջ 500 միլիոն ՀՀ դրամի հարկ։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ լրատվական ծառայությունից։
Մասնավորապես նշվում է, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի համապատասխան հասցեներում, ֆիզիկական անձ Ա․Հ-ն., հանդիսանալով իրական շահառու, ֆիզիկական անձ Ն․Ա-ի անվամբ իրականացրել է կառուցապատման՝ բազմաբնակարան շենքերի կառուցման և բնակարանների վաճառքի գործունեություն: Այնուհետև բնակարանների փաստացի վաճառքի ժամանակ հիմնականում կնքել են բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր:
«Այսկերպ պայմաններ են ստեղծել, որպեսզի ֆիզիկական անձի եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկում խեղաթյուրված տվյալներ մտցվեն և հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով չվճարվեն առանձնապես խոշոր չափերով հարկեր»,–նշվումէ հաղորդագրությունում:
Միևնույն ժամանակ, նույն անձինք կանխիկ եղանակով և արտարժույթով ստացել են բնակարանների գնման կանխավճարները` խախտելով «Անկանխիկ գործառնությունների մասին» և ՀՀ դրամով գործարքներ կատարելու օրենսդրական պահանջները։
«Վերոհիշյալ անձինք բնակարանի ենթադրյալ գնորդից կանխիկ եղանակով և արտարժույթով պետք է ստանան բնակարանի գնման համար 200 հազար ԱՄՆ դոլար կանխավճար` հետագայում բնակարանի ամբողջ գումարը վճարելու ժամանակ վաճառքի գործարքը որպես բաժնային սեփականության օտարման գործարք կնքելու նպատակով»,–ընդգծում են ՊԵԿ–ից։
Սակայն ենթադրյալ գնորդի կողմից կանխիկով գումարը վճարելուց հետո հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել են Ա․Հ․-ն և Ն․Ա․-ն:
Վերջիններս ենթարկվել են անձնական խուզարկության։ Հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։
Հանցանքի բացահայտումից ժամեր անց կառուցապատող Ն․Ա-ի անվամբ հարկային մարմին է ներկայացվել եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ՝ առաջացնելով շուրջ 500 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություններ և վճարելով շուրջ 250 միլիոն ՀՀ դրամ գումար։