ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել ստորգետնյա անցման վրա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Երեկ, ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Անդրանիկ Ու.-ն, իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ փողոցում՝ ժողովրդին հայտնի «Երրորդ մասի շուկայի» դիմաց՝ ստորգետնյա անցման մոտ (հետիոտնի անցման համար չթույլատրվող հատվածում) վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 66-ամյա Օֆելյա Վ.-ին»,–գրում է կայքը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել բժիշկներին վիրավորին տեղափոխել «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Սակայն վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: