Աշտարակի դպրոցներից մեկի տնօրենի որդին հոր գիտությամբ և թույլտվությամբ ուսումնական հաստատության նկուղը ձևափոխել է և սունկ աճեցրել այնտեղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունն օպերատիվ տվյալներ է ստացել, որ նկուղում սունկ են աճեցնում ու վաճառում։ Տեղեկությունը ստուգվել է և հաստատվել:
Պարզվել է, որ նկուղում տեղադրվել է մետաղական յոթ հարթակ, որոնցից երեքին ամրացվել են սնկի հումքի 76 պարկեր, հատուկ պայմաններ ապահովելու համար նկուղում տեղադրվել են օդորակիչներ, անցկացվել է ջրամատակարարման ցանց:
«Այս վերջինների համար ապօրինի օգտագործվել են դպրոցի էլեկտրաէներգիան ու ջուրը` էական վնաս պատճառելով պետությանը»,- նշում է ոստիկանությունը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: