ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 19-ին Ջորջիայի իր տանը մահացել է Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերը: Նա 96 տարեկան էր։ ԱՄՆ 39-րդ նախագահի` Ջիմի Քարթերի կնոջ մահվան մասին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները` հղում անելով «Քարթերի կենտրոն» ոչ առևտրային կազմակերպությանը:
Նշվում է, որ այս տարվա սկզբին Ռոզալին Քարթերի մոտ տկարամտություն էր ախտորոշվել։ Ավելի վաղ ՝ նոյեմբերի 17-ին, նա սկսել էր տնային խնամք ստանալ։
Ռոզալին Քարթերը համարվում էր իր ամուսնու ամենամոտ խորհրդականը։ Ի տարբերություն շատ նախորդների` նա մասնակցել է կառավարության նիստերին։
Ջիմի և Ռոզալին Քարթերները
© AP Photo / Charles Harrity
Լինելով առաջինը` Ռոզալին Քարթերը պատվաստումը սովորական պրակտիկա դարձրեց ամերիկյան առողջապահական համակարգի համար. մինչև 1981 թվականը նախադպրոցական տարիքի երեխաների 95% - ը պատվաստվել էր կարմրուկի և այլ հիվանդությունների դեմ: Նա նաև դարձել է առաջինն ԱՄՆ նախագահների տիկնանցից, որ ելույթ է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:
1980-ականներին ամուսինները միասին սկսեցին զբաղվել բարեգործությամբ։ Քարթերը պայքարում էր հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց նկատմամբ խտրականության դեմ, աշխատում էր բարելավել հոգեկան առողջության խնամքի որակը Միացյալ Նահանգներում և արտերկրում, ինչպես նաև խթանում էր հոգեկան առողջության խնամքի գաղափարը: 1987 թվականին նա հիմնադրեց Ռոզալին Քարթերի ինստիտուտը խնամողների համար.այսպես նա զարգացրեց «հոգատար» հասարակությունը:
Այն բանից հետո, երբ զույգը լքեց Սպիտակ տունը, Քարթեր ամուսինները նվիրվեցին հումանիտար ոլորտին։
Ինքը` Ջիմի Քարթերը, այժմ 99 տարեկան է։ Նա երկարակեցության ռեկորդակիր է ամերիկյան առաջնորդների շրջանում։ Այս տարվա փետրվարին հաղորդվեց, որ Քարթերը հրաժարվել է բժշկական օգնությունից ընտանիքի հետ մնացած օրերն անցկացնելու համար` ստանալով միայն պալիատիվ խնամք: Վերջին տարիներին նախկին նախագահը բուժվել է մի քանի հիվանդությունների, այդ թվում մելանոմայի դեմ։