Գորիսի առաջին մթերային խանութի մոտ կանգառն ապրելու հույս տվեց
Լիլիթ Գասպարյանն ամուսնու, 4 երեխաների, ծնողների, քրոջ ու եղբոր հետ արդեն մոտ մեկ ամիս է՝ Բերդի տարածաշրջանի Տավուշ (նախկինում՝ Թովուզ) գյուղում է ապրում։ Այստեղ են եկել Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից։ Ամուսինը շինարարական աշխատանքներով է զբաղված. բաղնիք են կառուցում։ Աշխատանքները ֆինանսավորել է հենց այն տան տերը, որտեղ հիմա ընտանիքն է ապրում (սեփականատերը երկրում չէ)։
Լիլիթ Գասպարյան
© Sputnik / Aram Nersesyan
Լիլիթը խոսելիս հաճախ է հուզվում, հեռախոսի մեջ իրենց մեծ տունն է ցույց տալիս՝ նոր վերանորոգումով, նորաձև կահավորմամբ։
«Ամեն ինչ թողնես, դուրս գաս․․․»։
Լիլիթը ցույց է տալիս Արցախում թողած տունը
© Sputnik / Aram Nersesyan
Դուրս են եկել ԶԻԼ մեքենայի թափքում՝ 5-6 ընտանիք միասին։
«15 երեխա կար, մեր վերցրած հացն ու ջուրը մի քանի ժամ հերիքեց, վերջին օրը բան չենք կերել։ Գորիսի խանութի մոտ որ կանգնեցինք, արդեն ապրելու հույս կար»։
Լիլիթ Գասպարյան
© Sputnik / Aram Nersesyan
Եկան Դիլիջան, մի քանի շաբաթ մնալուց հետո Տավուշ գյուղ տեղափոխվեցին։ Գյուղացիները ջերմությամբ դիմավորեցին, օգնում են ինչով կարող են։
Լիլիթի ամուսինը՝ Արմենը, Արցախում պայմանագրային զինծառայող էր, մոտ 450 հազար դրամ աշխատավարձ էր ստանում։ 4 երեխայի խնամքի համար ընտանիքը նաև նպաստ էր ստանում. ապահովված, բարեկեցիկ էին կյանք էին վարում։ Ինչպես են հարմարվելու նոր իրողություններին,դեռ դժվար են պատկերացնում։
Տունը, որտեղ ապրում է Գասպարյանների ընտանիքը Տավուշում
© Sputnik / Aram Nersesyan
«Կամաց-կամաց կստեղծենք, դժվար չի, ջահել ընտանիք ենք»,- կոտրված ժպիտով ասում է Լիլիթը։
Գասպարյանների տունը Տավուշ գյուղում
© Sputnik / Aram Nersesyan
Երեխաներն արդեն մանկապարտեզ ու դպրոց են հաճախում (8, 5, 3 տարեկան և 9 ամսական)։
Գյուղապետ Թաթուլ Արզումանյանը բռնի տեղահանվածների տանը
© Sputnik / Aram Nersesyan
Եթե Ղարաբաղն էլի մեր եղավ, հետ կգնամ, եթե չէ՝ իմ տունն այստեղ է
Թովմասյանների ընտանիքը Տավուշ գյուղում հասցրել է սիրվել ու տավուշեցի դառնալ։ Գյուղապետ Թաթուլ Արզումանյանն ասում է՝ ապշած էր, երբ ընտանիքի հայրը՝ Ջոնիկը, գյուղապետարան էր գալիս և նորեկ արցախցիների համար իրենց ունեցած կաթսաներից, անկողնուց առաջարկում։
«Ջոնիկի մի նախադասությունը երբեք չեմ մոռանա․ ասաց՝ ինձ մենակ տանիք տվեք, ես ոտով-ձեռով եմ, ամեն ինչ կանեմ, երեխեքիս կպահեմ։ Անգամ չասաց, որ սիրտը վիրահատված է, հետո ենք իմացել»,- պատմում է գյուղապետը։
Ջոնիկ Թովմասյան
© Sputnik / Aram Nersesyan
Թովմասյանների ընտանիքը 4 հոգուց է բաղկացած. Ջոնիկն ապրում է մոր և երկու աղջիկների՝ 14-ամյա Ալյոնայի և 17-ամյա Անիի հետ։
Ջոնիկ Թովմասյանն ընտանիքի հետ
© Sputnik / Aram Nersesyan
Ստեփանակերտից են, ընտանիքի համար կյանքն այնտեղ հեշտ չի եղել․ լույսը դեռ չբացված` Ջոնիկի մայրը` Զառան, դուրս էր գալիս քաղաքի փողոցները մաքրելու, ավագ թոռնուհին օգնում էր նրան, նոր միայն դպրոց գնում։
Արցախից դուրս գալիս փոքր ավտոմեքենայի մեջ շատ բան տեղավորել չեն կարողացել, բայց 14-ամյա Ալյոնայի շախմատային հաղթանակների մասին վկայող պատվոգրերը, մեդալներն ու գավաթները (բացի ամենամեծից) Զառա տատիկը ստիպել է դուրս բերել։
Ալյոնայի պատվոգրերը, մեդալներն ու գավաթները
© Sputnik / Aram Nersesyan
Տավուշ եկած առաջին ընտանիքն է՝ Արցախից ուղիղ այստեղ են ուղևորվել։ Գյուղում աղջիկներն արդեն ձեռագործության խմբակ են հաճախում, շուտով Ալյոնան նաև շախմատի խմբակ կհաճախի։
Ջոնիկ Թովմասյանի ընտանիքի անդամները
© Sputnik / Aram Nersesyan
Ասում են՝ Բերդի բնությունը շատ է նման իրենց Արցախինին, մարդիկ՝ նույնպես։
«Եթե Ղարաբաղն ազատագրվեց, գնում եմ հետ, եթե չէ, վե՛րջ, այստեղ եմ մնում»,- ասում է Զառա տատը մեզ ճանապարհելիս ու ցույց տալիս տնամերձ այգին, որը հասցրել է մշակել, սխտոր ու կանաչի ցանել։
Տիկին Զառան
© Sputnik / Aram Nersesyan
Ինչքան ապրենք, կանգնեցնելու ենք էս տունը
Ավանեսյանների ընտանիքն էլ Ասկերանի Հարավ գյուղից է։ Պատերազմի ժամանակ Արսենը դիրքերում էր։ Արցախի ճակատագրի վերաբերյալ տարբեր տեղեկություններ էին ստացվում, և ընտանիքն առանց սպասելու, որ Արսենը դիրքերից իջնի, որոշեց դուրս գալ հայրենիքից։
Արսեն Ավանեսյանը
© Sputnik / Aram Nersesyan
Նազիկը 3 երեխաների, սկեսուրի ու սկեսրայրի հետ բեռնատարի թափքում հասան Հայաստան։
Նազիկը
© Sputnik / Aram Nersesyan
«Ոչ մի բան, աղջիկ ջան, չեմ վեր կալել, հիմա եմ նստում, ասում՝ ինչի չեմ վեր կալել, էդքան շոր թողեցի ֆաներկի մեջին։ ժամանակ ունեինք, չենք ֆայմել»,- պատմում է տիկին Կատերինան։
Տիկին Կատերինան
© Sputnik / Aram Nersesyan
Դեպի Հայաստան ճանապարհը շատ ծանր է եղել, գրեթե 2 օր անձրևի տակ են մնացել, մեծից փոքր հիվանդացել են։ Հայաստանում մի քանի օր անց Արսենը միացել է ըտանիքին ու որոշել են բոլորով Տավուշ գյուղ գալ։ Թեպետ Արցախի կարոտը սրտներում է, բայց այստեղ արդեն իրենց հարազատ են զգում։
Ավանեսյանների ընտանիքը Տավուշում
© Sputnik / Aram Nersesyan
«Գնացել էինք Երևան` բժշկի, ամուսինս չէր ուզում մնալ, ասում էր՝ չեմ կարողանում, սիրտս պայթում ա, արի գնանք մեր տուն։ Էս արդեն մեր տունն է, լրիվ մեր բնությունն է»,- ասում է Կատերինան։
Արսենը որոշել է պայմանագրային զինծառայության անցնել, մինչ այդ տունն է կարգի բերում։ Մայրն ասում է՝ ձեռքերը ոսկի են, արդեն տան վերանորոգմամբ է զբաղվում, այգին կարգի բերում, որ ծառեր տնկեն ու բանջարեղեն աճեցնեն։ Գյուղապետարան է դիմել, որ առանձին հողատարածք տան ցորեն մշակելու համար։
«Դե հո առնովի չի լինելու։ Արդեն ժողովրդին հարցնում եմ՝ որտեղից կարելի է տնկիներ գնել։ Ինչքան ապրենք, կանգնեցնելու ենք էս տունը»,- ասում է տիկին Կատերինան։
Ավանեսյանների այգին
© Sputnik / Aram Nersesyan
Որոշել է պատուհանի տակ տարբեր ծաղիկներ, հատկապես տարբեր գույների վարդեր աճեցնել, ինչպես Ստեփանակերտի իր տան բակում էր անում։
Տավուշ գյուղը
© Sputnik / Aram Nersesyan