Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 26-ամյա պարեկը մահացել է

Արխիվային լուսանկար
Վթարից հետո երիտասարդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով՝ մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, որի հետևանքով վարորդը մահացել է, տեղեկացնում է shamsyan.com-ը։
«Այսօր` ժամը 06:20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Իմելս Ժամհարյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Գավառ-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե արգելապատնեշին, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով վարորդը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Որոշ ժամանակ անց ԲԿ-ի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակում։