Յաղուբյանների ընտանիքը Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից է բռնի տեղահանվել։ Թեպետ երեք մեքենա ունեին, բայց վառելիք չլինելու պատճառով 5-ով (ծնողներն ու երեք որդիները) մի մեքենայով են եկել ու իրենց հետ մի քանի ձեռք շորից բացի ոչինչ վերցնել չեն կարողացել։
Հայաստան գալուց հետո սկզբում ժամանակավոր տեղավորվել են Բյուրականի հանգստյան տներից մեկում։ 60–ամյա Արկադյա Յաղուբյանն առողջական լուրջ խնդիրներ ունի (հեռացված են մի երիկամն ու լյարդի մի հատվածը), որդիներից մեկն էլ` ողնաշարի ճողվածք։ Քանի որ Բյուրականում եղանակը խոնավ է, կացարանն էլ ժամանակավոր էր տրամադրվում, որոշել են այս ու այն կողմ չընկնել, տեղափոխվել Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղ, որտեղ 3 տարի առաջ հարս էր եկել ընտանիքի միակ դուստրը։
Արծվաբերդ
© Sputnik / Aram Nersesyan
Տանը, որտեղ Յաղուբյաններին տեղավորել են, շուրջ 30 տարի մարդ չի ապրել։ Ոտք դնելուն պես սկսել են բարեկարգել, մաքրել։ Նպատակ ունեն մինչև գարուն կարգի բերել նաև տնամերձ այգին, որ բանջարեղեն, կանաչի աճեցնեն։
Արկադյա Ղաղուբյանը ցույց է տալիս տնամերձ այգին
© Sputnik / Aram Nersesyan
«Մեզ մոտ էլ էինք բոստան անում, բլոկադայի ժամանակ դրանով ենք յոլա գնացել»,- ասում է 45-ամյա Զվարթը։
Զվարթ Յաղուբյանը
© Sputnik / Aram Nersesyan
Տանը շատ բանի պակաս կա՝ լվացքի մեքենա չունեն, տաք ջուր չկա, ձմեռը մոտենում է՝ փայտ չկա, բաղնիք՝ նույնպես։ Ասում են` 2 շաբաթը մեկ են լողանում` աղջկա տանը, որովհետև ամաչում են ավելի հաճախ անհանգստացնել նրանց։
Տունը, որտեղ ապրում է Յաղուբյանների ընտանիքը
© Sputnik / Aram Nersesyan
Տան փոքրը՝ 8-ամյա որդին, դպրոց է հաճախում, ավագները՝ Լևոնն ու Լեոնիդը, սովորում էին Արցախի պետական համալսարանում։ Ցանկանում են Հայաստանում էլ ուսումը շարունակել, բայց երբ և ինչպես՝ դեռ չգիտեն։
Յաղուբյանների որդիները` Լևոնն ու Լեոնիդը
© Sputnik / Aram Nersesyan
Ապագայի հետ կապված ծրագրեր կազմել ընտանիքը չի կարողանում․ անորոշություն է։ Անհանգստանում են, որ ցանկացած պահի տանտերը կարող է գալ, ու իրենք ստիպված կլինեն ազատել տունը։
«Մեզ չի անհանգստացնում Երևանից հեռու լինելը. Ղարաբաղում ավելի հեռու էինք։ Ոչ էլ սահմանին մոտ լինելն է խնդիր. էնտեղ էլ էր սահման։ Կուզենք էստեղ մնալ, եղանակը, բնությունը մեր Արցախին նման են շատ։ Բայց թեկուզ խրճիթ լինի, իմանաս` քոնն է, սեփական է, վաղը մեկը չի ասի՝ դուրս արի»,- ասում է Արկադյան։
Արկադյա և Զվարթ Յաղուբյանները
© Sputnik / Aram Nersesyan
Գյուղի վարչական ղեկավար Լևոն Մադյանն ասում է` համայնքն ակտիվորեն ներգրավված է արցախցիների խնդիրների լուծմանը։ Պարբերաբար գույքագրում են եղած կարիքներն ու ներկայացնում, հնարավորության դեպքում դրանք լուծում են ստանում։ Նաև կազմել են գյուղում վաճառքի ենթակա տների ցանկը։
Արծվաբերդի վարչական ղեկավար Լևոն Մադյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Ինչ հնարավոր է` մենք կանենք։ Շուտով գազիֆիկացումը կլինի»,-ասում է վարչական ղեկավարը՝ խոսելով Յաղուբյանների խնդիրների մասին։
Ի դեպ, Արծվաբերդը տարածաշրջանի ամենամեծ գյուղն է․ ունի փաստացի մոտ 2800 բնակիչ, երկու դպրոց, մանկապարտեզ, առողջության կենտրոն՝ լաբորատորիայով, շտապօգնության բրիդագով, որը սպասարկում է նաև հարևան մի քանի գյուղերը։
Արծվաբերդում զբաղվում են այգեգործությամբ, հողագործությամբ։ Տեքստիլի արտադրամաս կա, հարևան գյուղում` պահածոների գործարան։ Ռուսաստանում ապրող արծվաբերդցիներից մեկն էլ որոշել է իր ընտանիքին ավելի կապել գյուղի հետ և մեծ ներդրում է հիմա գյուղում անում. կառուցում է եռահարկ հյուրանոց՝ գինու մառանով, կոնֆերանս դահլիճով, տարբեր նշանակության սենյակներով։
Ասում են՝ մեր ձայնն ու հրավերը հասցրեք արցախցիներին՝ թող գան մեզ մոտ, աշխատեն, միասին շենացնենք, զարգացնենք մեր գյուղը։ Հիշեցնում են՝ արցախցիների ու շամշադինցիների արմատները նույնն են, այնպես որ, Բերդի տարածաշրջանը սպասում է արցախցի ընտանիքներին։
Արծվաբերդի մուտքը
© Sputnik / Aram Nersesyan