53.000 ռուսերեն դասագիրք ՀՀ դպրոցներին. Ռուսական մարդասիրական առաքելությունը ակցիա է անում

Մարդասիրական ակցիայի շրջանակում Ռոսսոտրուդնիչեստվոն մի շարք դպրոցներում արդեն իսկ դասագրքեր է տրամադրել Երևանի, ինչպես նաև Աբովյանի տարբեր դպրոցների, դեռ մի քանի օր էլ այդ ակցիաները շարունակվելու են։
Sputnik
Հայաստանում «Ռուսական մարդասիրական առաքելության» և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» թիմը Հայաստանի մի շարք դպրոցներին ռուսերենով տարբեր առարկաների դասագրքեր է տրամադրել։
Ընդհանուր առմամբ հայաստանյան դպրոցների համար 53.000 գիրք է բերվել «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Երկրաչափություն», «Հանրահաշիվ», «Նորագույն պատմություն» և այլ առարկաների համար։
Ռուսական մարդասիրական առաքելությունը ՀՀ դպրոցներին դասագրքեր է բաժանել
Այդ գրքերից 800-ն այսօր հանձնվել է Հայ–ռուսական սլավոնական համալսարանին կից «Ուսմունք» դպրոցին։ Մնացածը բաշխվելու է Երևանի 27 դպրոցում և մարզերում` Արարատի, Շիրակի, Արմավիրի, Սյունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Լոռու Տավուշի և այլն։
«Ուսմունք» դպրոցի տնօրեն Նաիրա Դաշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենք հայտ են ներկայացրել, որպեսզի իրենց տրամադրվեն ռուսերենով գրքեր, քանի որ ռուսական դասարաններ շատ ունեն։
Ռուսական մարդասիրական առաքելությունը ՀՀ դպրոցներին դասագրքեր է բաժանել
«Հայտի համաձայն և ի ուրախություն մեզ, 815 դասագիրք ենք ստացել։ Դասագրքերը նախատեսված են տարրական, միջին և ավագ դպրոցների համար։ Ոչ միայն «Ռուսաց լեզվի» «Ռուս գրականության» դասագրքերն են, այլև ուրիշ առարկաների դասագրքերն են ռուսերենով։ Մեր դպրոցում կան դասարաններ, որտեղ երեխաների ուսուցումը ռուսերենով է իրականացվում,և այնտեղ ՌԴ դասագրքերի խնդիրը շատ ակտուալ էր»,– ասաց Դաշյանը։
«Ուսմունք» դպրոցի տնօրեն Նաիրա Դաշյանը
Նրա խոսքով` ռուսական դասարանները հայաստանյան դպրոցներում շատ կարևոր են և դրանք պետք է գոյություն ունենան, ինչպես նաև ռուսերենով դասագրքեր պետք է լինեն։ Դպրոցի տնօրենի կարծիքով` ռուսերենը չպետք է դիտարկել որպես օտար լեզու,և աշակերտներն էլ մեծ հաճույքով են սովորում։
Ռուսական հումանիտար առաքելության գործադիր տնօրեն Սերգեյ Շևչուկն էլ ընդգծեց`Հայաստանի 50 դպրոցի միջև են այս դասագրքերը բաժանելու։
Ռուսական հումանիտար առաքելության գործադիր տնօրեն Սերգեյ Շևչուկ
«Այս նախագիծն իրականացվում է կրթության ոլորտին աջակցելու ծրագրի շրջանակում։ Այն իրականություն է դառնում ՌԴ կառավարության և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» շնորհիվ։ Ցանկանում ենք աջակցել մեր համերկրացիներին, ինչպես նաև ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են ռուսաց լեզուն ավելի խորն ուսումնասիրել և առհասարակ ռուսերենով սովորել տարբեր առարկաներ»,– նշեց Շևչուկը։
Ռուսական մարդասիրական առաքելությունը ՀՀ դպրոցներին դասագրքեր է բաժանել
Նշենք, որ այս ծրագրի շրջանակում առաջին մարդասիրական ակցիան եղել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 390 դասագիրք է տրամադրվել։
Ակցիաները շարունակվելու են դեռ մի քանի օր ևս։