Ֆեմբլոգեր Զառա Ղազարյանը կարծում է, որ ֆեմինիստական գաղափարախոսությունը հետզհետե առաջընթաց է ապրում Հայաստանում և մարդիկ սկսել են հասկանալ, որ այն իրավահավասարության մասին է։ Ըստ նրա` թեման սկսել է լայն շրջանակներում ակտիվ քննարկվել, ու մարդիկ արդեն չեն խուսափում այդ բառից ու գաղափարախոսությունից։
«Ես չեմ կարծում, որ պետք է փոխեմ ամբողջ համակարգը։ Կարծում եմ` պետք է փոխեմ իմ շրջապատը։ Դա ավելի արդյունավետ է։ Որտեղ ես եմ լինում, մեկ ամիս հետո ընկալումը փոխվում է ու մի աղջկա «գեշ» կամ «փչացած» ասելուց առաջ մտածում են, երբեմն էլ` զսպվում։ Նման փոքր բաներից ես ուրախանում եմ», - պատմեց նա։
Ղազարյանը նշեց, որ բլոգերական գործունեության սկզբում բացասական մեկնաբանություններն այս թեմայի շուրջ շատ էին, բայց այժմ իրավիճակի բարելավում կա։ Ըստ նրա` մեծամասամբ խտրական և վիրավորական մեկնաբանություններ գրում են կանայք, որոնք վերարտադրում են հայրիշխանական համակարգը հասարակությունում։ Նա նկատեց, որ որպես կանոն` ոչ թե քննադատություն է մեկնաբանություններում, այլ անձնական պիտակավորում։
«Կան կանայք, որ բախվում են խտրականության, բայց չգիտեն էլ այդ մասին։ Հայրիշխանական համակարգն այնքան կարծրացած է, որ այն անգամ լեզվամտածողության մեջ է», - ասաց նա։
Բլոգերը պատմել է նաև, թե ինչու է որոշել զբաղվել այս թեմայով, ինչ խտրական վերաբերմունքի է արժանացել և ում կողմից, ինչպես է այս գործունեությունը անդրադառնում իր անձնական հարաբերությունների վրա։
Ավելի մանրամասն` տեսանյութում։
Կարդացեք նաև