Արցախից Հայաստան տեղափոխված Մուսայելյանների ընտանիքում միախառնվել են վիշտն ու տոնը։ Տունուտեղը, ծննդավայրն ու աշխատանքը կորցնելուց հետո նորից ժպտալու առիթ կա. ծնվել է ընտանիքի 5–րդ երեխան` Արփինեն։
Մուսայելյանների ընատնիքի մի մասը
© Sputnik / Asatur Yesayants
Էմմա Մուսայելյանին հաշված օրեր էին մնացել ծննդաբերելուն, երբ Արցախում սկսվեց հերթական պատերազմն ու բնակիչների բռնի տեղահանումը։ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում բնակվող ընտանիքը միայն մի քանի տաք հագուստ, ծածկոց ու մի քիչ ուտելիք վերցրեց և ընկավ ճանապարհ։
Էմման
© Sputnik / Asatur Yesayants
Ճանապարհը դաժան ու ծանր էր հատկապես Էմմայի համար։ Ոտքերն այտուցվել էին, ինքնազգացողությունը` վատացել։ Աղոթում էր, որ երեխան ճանապարհին չծնվի։
«Սեպտեմբերի 27-ին արդեն Հայաստանում էինք, անտանելի ցավեր ունեի, վախենում էի երեխայի համար, բայց բժիշկները հանգստացրին, ասեցին, որ ամեն ինչ սթրեսից է եղել։ Հոկտեմբերի 11–ին ծնվեց մեր հրաշքը` 3 կգ 400 գրամ քաշով, 50 սմ հասակով։ Բժիշկներն ասեցին` ամեն ինչ լավ է, առողջ երեխա է»,– պատմում է Էմման։
Էմման փոքրիկ Արփինեի հետ
© Sputnik / Asatur Yesayants
Էմման, ամուսինն ու երեխաները Հայաստանում միացան ծնողներին, քրոջ ու եղբոր ընտանիքներին ու եկան Արմավիրի մարզի Հայթաղ գյուղ, որտեղ 2020 թ–ից վարձակալած տանը ապրում էր նրանց մյուս եղբոր ընտանիքը (44–օրյա պատերազմից առաջ բնակվել են Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղում)։ Երկու ննջարան ու մեկ հյուրասենյակ ունեցող փոքրիկ տանը այժմ ապրում են 26 հոգով, որոնցից 11–ը անչափահասներ են։ Նրանց մեծ մասը քնում է գետնին։
Մուսայելյան ընտանիքի երեխաները
© Sputnik / Asatur Yesayants
Ընդամենը մի քանի ամիս առաջ մտքներով անգամ չէր անցնում, որ այսպիսի իրավիճակում կհայտնվեն։ Անգամ շրջափակման մեջ պահածոներ էին փակում, թթու դնում, որ կարողանան ձմեռը անցկացնել։ Իսկ հիմա մնացել են առանց ոչնչի, ամեն ինչ թողել ու փախել են։
Երեխաններն արդեն դպրոց են գնում, պետությունից ստացած 100 000 դրամով հագուստ, գրենական պիտույքներ ու պայուսակ են գնել երեխաների համար։ Դպրոցականներն ասում են, որ իրենց լավ են վերաբերվում, միայն զարմացած են` դասարաններն այստեղ լեփ–լեցուն են, իրենց դասարանում ավելի շատ երեխա կա, քան Ասկերանի ամբողջ դպրոցում։
Մուսայելյանների ընտանիքի երեխաները
© Sputnik / Asatur Yesayants
Տան ամենաակտիվ երեխան` 10–ամյա Անուշն արդեն սկսել է Արցախի բարբառը սովորեցնել հետաքրքրասեր դասընկերներին, որ իրեն ավելի լավ հասկանան։
«Բառերը գրում եմ թղթի վրա, կողքը` գրական տարբերակը, որ սովորեն։ Օրինակ` պատառաքաղ–չանգյալ, գդալ– քթել, դանակ– տենակ, գորգ– գյեբո, թեյնիկ– չայդան։ Ու տենց էլի...»,– ոգևորված պատմում է Անուշը։
Անուշը
© Sputnik / Aram Nersesyan
Երկու քույրերի ընտանիքները հիմա տուն են փնտրում կա՛մ նույն գյուղում, կա՛մ մոտակա, որ իրարից շատ չհեռանան։ Անուշը պնդում է, որ Ջրառատ գնան, այնտեղ է բնակվում արցախցի ամենամտերիմ դասընկերուհին։
Ի տարբերություն Անուշի` 8–րդ դասարանում սովորող Լյուդմիլան դեռ չի կարողանում ինտեգրվել։ Գրքերն ուրիշ են, ծրագիրը` ուրիշ, իսկ ամենակարևորը` դասընկերներից է հեռու։
«Իմ դասարանցիներն ուրիշ էին, ուզում եմ` էլի իրանց հետ դասի գնամ»,– ասում է նա։
Լյուդմիլան
© Sputnik / Aram Nersesyan
Հարցին, թե ամենաշատն ինչն եք կարոտել, բոլորը միաձայն պատասխանում են` Արցախի ջուրը։ Հետո հիշում են իրենց գյուղի բնությունն ու արևը։ «էստեղ շատ ցուրտ է»,– հավելում են երեխաները։
Չնայած փոքր տարիքին` նրանք արդեն երկրորդ անգամ են անցնում գաղթի ճանապարհով։ Հիշում են` նույնը եղավ նաև 2020 թ.–ին, բայց անցած անգամ հետ գնացին։ Այս անգամ դեռ ճանապարհին հույս ունեին, որ էլի կվերադառնան, իսկ հիմա այլևս ոչ մի հույս չկա. մեծերի խոսակցություններն են լսել` թուրքի կողքին ապրել չենք կարող։