Մահացել է ՅՈւՆԵՍԿՕ–ում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Միշել Տեր–Ստեփանյանը

Քրիստիան Միշել Տեր–Ստեփանյան
Նա 1991 թվականից ի վեր մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել դիվանագիտական ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մահացել է ՅՈւՆԵՍԿՕ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Միշել Տեր–Ստեփանյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Տեր–Ստեփանյանը 72 տարեկան էր։
«Խորը ցավով հայտնում ենք, որ նոյեմբերի 7-ին 72 տարեկանում կյանքից հեռացել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) ՀՀ մշտական ներկայացուցիչ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դիվանագետ Քրիստիան Միշել Տեր-Ստեփանյանը։ Նա երկար տարիներ անձնվիրաբար մաս է կազմել Հայաստանի դիվանագիտական ծառայության։ Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակը վառ կմնա բոլորիս հիշողություններում»,– ասված է հաղորդագրությունում։
Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր երկարամյա ծառայության ընթացքում պարգևատրվել է բազում շնորհակալագրերով, հուշամեդալներով, շքանշաններով։ Պարգևատրվել է Պլեյադի՝ Ֆրանկոֆոնիայի և մշակույթների երկխոսության հրամանատարի շքանշանով, ՀՀ «Մխիթար Գոշ» շքանշանով և այլն:
ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Տեր-Ստեփանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը։
Նշենք, որ Քրիստիան Տեր-Ստեփանյանը ծնվել է 1951թ. Ֆրանսիայում: Սովորել է Փարիզի VII համալսարանում, բանասիրության և պատմության ֆակուլտետում:
Երևանում մահացել է ՀՀ–ում Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալը
Դիվանագետը եղել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ, ԵՄ–ում ՀՀ ներկայացուցչության խորհրդական, այնուհետև՝ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ապա՝ Ֆրանսիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար։ Եղել է նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական՝ ֆրանկոֆոնիայի հարցերով, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։
2019թ. հունվարի 17-ից մինչ օրս Տեր–Ստեփանյանը Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն էր: