«Էստեղ կնստեմ, աչքս` թուրքի պոստին». սահմանամերձ Բերքաբերում արցախցի ընտանիք է հաստատվել

Բերքաբեր գյուղում Արցախից տեղահանված ընդամենը մեկ ընտանիք է հաստատվել` բազմազավակ Հովսեփյանները, որոնք էլ որոշել են` իրենց տունն այստեղ է ու վերջ։ Sputnik Արմենիայի թիմը հանդիպել ու զրուցել է նրանց հետ։
Sputnik
Հայրենի Արցախում ամեն ինչ կորցրած ընտանիքը կրկին տուն է կառուցում, այս անգամ` Ադրբեջանին սահմանակից Բերքաբեր գյուղում։
Բերքաբեր գյուղը
Ընտանիքի հայրը` 36-ամյա Գուրգեն Հովսեփյանը, ոգևորված ցույց է տալիս տունն ու գունեղ նկարագրում, թե որ սենյակն ինչ է լինելու, անգամ պահածոները պահելու անկյունն է արդեն նախատեսել, նաև որոշել է` այգու որ մասում է խոզ պահելու, ինչ է մշակելու, ու այսպես շարունակ։
Գուրգեն Հովսեփյան
Այս տանն արդեն երկար տարիներ է` ոչ ոք չի ապրում, տանտերերն արտերկրում են։ Գյուղի վարչական ղեկավարը խոսել է, համաձայնել են տունն անհատույց` առայժմ 3 տարով ընտանիքին տրամադրել։ Խոստացել են տրամադրել անհրաժեշտ շինանյութ` տունը կարգի բերելու համար, գյուղացիներն էլ ասել են` ինչ պետք է, կողքիդ կանգնած ենք, կգանք, կօգնենք, միասին տունը ոտքի կհանենք։
1 / 3

Գուրգեն Հովսեփյանը Բերքաբերի տան մոտ

2 / 3

Հովսեփյաններին հատկացված տան սենյակներից մեկը

3 / 3

Հովսեփյաններին հատկացված տան սենյակներից մեկը

«Ասել են, բայց ամաչում եմ, չեմ ուզում նեղություն տալ, առանց էն էլ էնքան բան են արել մեզ համար։ Դեռ ժամանակ կա, որ տեսնեմ` չեմ հասցնում, կդիմեմ»,– ասում է Գուրգենը։
Առայժմ կնոջ` Ալյոնայի, 4 զավակների` 14-ամյա Վազգենի, 10-ամյա Կարինեի, 2-ամյա Լիլիթի, 5-ամսական Թամարիկի ու զոքանչի` տիկին Ռիմայի հետ ապրում է իրենց հատկացված կացարանում, որը նախկինում գյուղի սրճարանն է եղել։
1 / 2

Բերքաբերի նախկին սրճարանը, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել Հովսեփյանները

2 / 2

Բերքաբերի նախկին սրճարանը, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել Հովսեփյանները

Ինչպե՞ս ու ինչու՞ Բերքաբեր հասան։ Հարցս Գուրգենին տխրեցնում է։
Ասկերանի շրջանի Խաչեն գյուղից են։ Մոտ 15 տարի պայմանագրային զինծառայող է եղել, վերջին կռվի ժամանակ կրկին դիրքերում էր։ Կապ չկար, մի քանի օր ընտանիքի մասին տեղեկություն չուներ, զինաթափվելուց հետո հարցուփորձով իմացավ` ընտանիքը Ստեփանակերտում է։
«Դե, ես էլ ֆորմով էի, ստեղից–ընդեղից շորեր գտա` շալվար, 44 համարի կոշիկ (Գուրգենը մի քանի չափ փոքր է հագնում,–խմբ.), որ լիշբը վայեննի ֆորմով չլնեի»։
Սեպտեմբերի 26-ին անսարք մեքենայով ճանապարհ ընկան դեպի Հայաստան։ Հույս ուներ` գոնե Հակարիի կամուրջը կանցնեն, բայց մեքենան կանգնեց Շուշիի մոտ` ադրբեջանական դիրքի անմիջապես դիմաց։
«Մատոռը խփեց... Ոչ մեկը չէր կանգնում, էրեխեքը լացում էին, ընտանիքս մեջն էր...»,– օրվա սարսափը վերհիշում է տղամարդը։
Գուրգեն Հովսեփյանը
Ի վերջո, մեկը կանգ է առնում և օգնություն առաջարկում։
«Հակարիի կամուրջ հասանք, զանգ ստացա, որ հերս էլ է եղել պայթյունի տեղը...»,– ասում է Գուրգենը։
Հետ գնալ հնարավոր չէր, ցավն ատամների տակ սեղմած շարունակեցին ճամփան։ 3 օր ճանապարհին անցկացնելով` ընտանիքը Հայաստան հասավ։
10–ամյա Կարինեն
«Էնքան ծանր էր։ Մենակ ջուր ենք խմել։ Էս փոքրը հլը չի լավացել. կերը սառը ջրով էինք բացում, տալիս, էրեխեքը լացում էին սովից, ես էլ լացում էի, որ էրեխեքիս ձեռը գոնե մի ցամաք հաց չէի կարողանում տալ»,– պատմում է Ալյոնան։
Ալյոնան 5–ամսական Թամարայի հետ
Սկզբում Արարատ գնացին։ Այնտեղ ասացին` տեղ չկա ու ուղարկեցին Իջևան, որտեղ էլ առաջարկեցին սահմանամերձ Բերքաբեր գյուղում հաստատվել։
Բերքաբեր գյուղը
«Մեզ շատ լավ տեղավորեցին։ 3 օր շարունակ գյուղացիներն անընդհատ գալիս էին, ամեն մեկը մի բան ուզում էր արած լինել»,– պատմում է Ալյոնան։
«Էստեղի գյուղացիք ընտրովի են»,– ավելացնում է Ալյոնայի մայրը` Ռիման։
Տիկին Ռիման
Վազգենն ու Կարինեն արդեն դպրոց, իսկ Լիլիթը` մանկապարտեզ է հաճախում, ընկերներ են ձեռք բերել։ Գուրգենը դիմել է պայմանագրային զինծառայության անցնելու համար, սպասում է պատասխանին։ Հարազատները գումար են հավաքել, Գուրգենի համար «Օպել» գնել, որ դիրքերից իջնելուց հետո տաքսի վարի, ընտանիքի համար լրացուցիչ գումար վաստակի։
Գուրգեն Հովսեփյանն իր «Օպելի» հետ
«Ոտի էի կանգնած, հիմա էլ կկանգնեմ, ուղղակի ինձ ցավացնում ա, որ հեր եմ թողել էնտեղ... Ինձ չի վախացնում, որ սահման է. ինչ տարբերություն` 1 կմ, թե 25 կմ։ Հրեն` թուրքի պոստն է։ Ստեղ կնստեմ, կհսկեմ։ Ես միշտ ստեղ եմ մնալու»,– հաստատապես ասում է Գուրգենը։
10–ամյա Կարինեն
10–ամյա Կարինեն այգուց ինձ համար ծաղիկներ է փնջում, իրենց նոր տան պատշգամբից գետը, իր դպրոցն ու քրոջ մանկապարտեզը ցույց տալիս...
1 / 4

Փոքրիկ Թամարան

2 / 4

Գուրգեն Հովսեփյանը դստեր` Կարինեի հետ

3 / 4

Գուրգեն Հովսեփյանը Բերքաբերում

4 / 4

Բերքաբեր գյուղը