ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածները հիմա էլ մոխրագույն կներկվեն։ Այս մասին տեղեկացնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ դեղինը մոխրագույնով փոխարինելու որոշումը պայմանավորված է քաղաքացիների դժգոհություններով։
«Անսալով քաղաքացիների հորդորներին՝ տեղեկացնում ենք, որ այսօրվանից կմեկնարկի նշված կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը բաց մոխրագույնով»,– նշված է գրառման մեջ։
Մետրպոլոիտենից նաև հավելում են, որ միշտ ականջալուր են ուղևորների կողմից բարձրացված հարցերին և խնդիրներին՝ փորձելով արդարացնել բոլորի սպասումները։
Այս գրառումը ևս ոչ միանշանակ է ընդունվել ֆեյսբուքյան հետևորդների կողմից։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչ իմաստ ունի ներկել միջսյունային պատերը, եթե կարելի էր պարզապես մաքրել քարերը։ Հետևորդներից մեկն էլ նշել է` կայարանի միջսյունային հատվածները պետք է ներկել նորմերին համապատասխան և ըստ նպատակահարմարության, այլ ոչ թե ներկել, հետո գույնը փոխել` որոշ մարդկանց կարծիքներից ելնելով։