4 ընտանիք՝ մեկ հարկի տակ․ այսպես արդեն մի քանի շաբաթ է՝ ապրում են Օլյա տատն իր 3 տղաների, 2 հարսի, 8 թոռան հետ Բագրատաշենում՝ իրենց հյուրընկալած ազգականի ընտանիքում։
Օլյա տատը հարսների ու թոռների հետ
© Sputnik / Aram Nersesyan
«Հեշտ չէ, բայց ոչինչ. ինչքան հնարավոր կլինի, կարող են մնալ մեզ մոտ»,- ասում է իր հարկի տակ 17 հոգու ընդունած տիկին Կարինեն։
Ինչ է տեղահանությունը, տուն կորցնելն ու կյանքը զրոյից սկսելը` ինքն էլ լավ գիտի։ 3 տարի առաջ՝ 2020 թվականին, իր ընտանիքն է նույն ճանապարհով անցել։
Տիկին Կարինեն
© Sputnik / Aram Nersesyan
«Ես այստեղի աղջիկ եմ, բայց 13 տարի ապրել եմ Արցախում։ Պատերազմից հետո էլ հետ չգնացինք, բայց ուշք ու միտքս էնտեղ էին մնացել»,- ասում է Կարինեն։
Օլյա տատը այս խոսքերի հետ խոր հոգոց է քաշում, հիշում հարազատ Ստեփանակերտը՝ աշխարհի ամենամաքուր ու սիրուն քաղաքը։
«Շատ գեղեցիկ քաղաք է, շատ, հիմա որ կադրերը նայում եմ, լացում եմ, չեմ կարում․․․»։
Ստեփանակերտից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին՝ ողբերգական պայթյունի օրը։ 2 օր ճանապարհ են եկել ու Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն հասել, որտեղ այս պահին արդեն 10-ից ավելի արցախցի ընտանիքներ են տեղավորվել։ Հայրենի Արցախում լիքը տուն են թողել, հիմա ամեն ինչ պետք է զրոյից սկսեն։
Օլյա տատը
© Sputnik / Aram Nersesyan
«Ոչ մի բան աչքիս չի եկել, մենակ երեխեքս սաղ մնան»,–ասում է տիկին Օլյան։
Գյուղը սիրել են, գյուղացիներին՝ նույնպես։ Եղանակը տաք է, բնությունը՝ գեղեցիկ, երեխաներն արդեն դպրոց են հաճախում, ընկերներ են ձեռք բերել։ Եթե գյուղում կամ մոտակայքում տան տղամարդիկ աշխատանք կարողանան գտնել, այստեղից գնալու մասին չեն էլ մտածի։
Օլյա տատի գերդաստանի անդամները Բագրատաշենում
© Sputnik / Aram Nersesyan
«Գոնե մի 100 հազար որ տուն մտնի, էլի կապրեն։ Եթե գործ չգտան, ստիպված երկրից են դուրս գալու, բա ի՞նչ անեն»,- ասում է Կարինեն։
Տիկին Կարինեն ու արցախցի ընտանիքի երեխաներից մեկը
© Sputnik / Aram Nersesyan
Չե՞ն մտածում արդյոք, որ «վերաինտեգրումը» հնարավոր է, ի՞նչ կանեն, եթե իրենց թույլ տան անվտանգ իրենց տներ վերադառնալ․․․
«Օյ, ես գնալ չեմ կարող, չէ՛, չէ՛, չէ՛, թորքի հետ ես չեմ ապրի, 92-ին ախպերս զոհվեց, մերս գրադից մահացավ, էլի կացալ եմ, ասել եմ` իրեք տղա ունիմ, մնամ ստեղ, բայց հիմա` չէ․․․»,- հարցս դեռ չավարտած՝ վրա է բերում Օլյա տատը։
Տիկին Օլյան
© Sputnik / Aram Nersesyan
Հիմա ընտանիքի ավագը մտահոգ է իր կենսաթոշակի համար, որովհետև նոյեմբերի 8–ին 63 տարեկան է դառնում։
«Իմ պենսիի թղթերը պատրաստ պահած եմ, գնացել ենք, ասել են` Արցախի համար դեռ հրաման չունենք»։
Ընտանիքը նաև մտահոգ է տուն գտնելու հարցում, քանի որ գյուղում ազատ ու բարվոք վիճակում գտնվող տներ չկան։
Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանն ասում է՝ գյուղում հաստատված ընտանիքների հետ մշտական կապի մեջ են, գույքագրում են կարիքները, փոխանցում համայնքապետարան, կարիքների առանձին գնահատում է անում նաև սոցապ ծառայությունը։ Արվում է ամեն ինչ արցախցիների կարիքներին հրատապ լուծում տալու համար։
Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյան
© Sputnik / Aram Nersesyan
Պետությունից որպես աջակցություն տրվող գումարով (40+10-հազարական դրամ) հնարավոր է տուն վարձակալել գյուղում, այլ հարց է, որ ազատ տները հիմնականում լքված են արդեն երկար տարիներ, չկան կոմունալ հարմարություններ, պատուհաններն են կոտրված, տանիքն է կաթում և այլն։
«Մի քանի ընտանիքներ վարձակալել են արդեն, ապրում են»,- ասում է վարչական ղեկավարը։
1988-ից հետո Ադրբեջանից փախստական դարձած բազմաթիվ հայեր Բագրատաշենում են հաստատվել։ Ասում են՝ այն ժամանակ այդ հարցը հեշտ էր կարգավորել, քանի որ գյուղում նախկինում ապրած ադրբեջանցիներն իրենց տները վաճառել կամ փոխանակել, գնացել էին, և ազատ տներ, նաև աշխատատեղեր կային։ Հիմա իրավիճակն այլ է։
Գյուղում հիմա էլ բանվորական ուժի կարիք կա ամբողջ տարվա ընթացքում, այլ աշխատանքի հնարավորությունները սուղ են։