ՊԵԿ-ը կտեղափոխվի Աշտարակի խճուղում գտնվող ՊՆ-ի նախկին շենք. 1.5 մլրդ դրամ կծախսվի

ՊՆ–ի նախկին շենքը. Արխիվային լուսանկար
Ռուստամ Բադասյանը նշեց նաև, որ այդ նպատակով 2024 թ. 1.5 մլրդ դրամի ծախս է նախատեսված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքը Երևանի Խորենացի հասցեում գտնվող հասցեից կտեղափոխվի Աշտարակի խճուղում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենք։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը:
Բադասյանը նշեց, որ այդ նպատակով 2024 թ. 1.5 մլրդ դրամի ծախս է նախատեսված։
«Մենք Խորենացի հասցեում գտնվող շենքը հանձնելու ենք պետական գույքի կառավարման կոմիտեին, և ՊԵԿ–ը կտեղափոխվի Աշտարակի խճուղում առկա շենք, որպեսզի և՛ վարչական շենքն այնտեղ տեղակայվի, և՛ հարևանությամբ գործի Երևանի արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնը»,– ընդգծեց նա։
ՊԵԿ նախագահի ԱՏԳ կենտրոնը, ըստ նրա, բիզնես գործունեության դյուրացման համար կարևոր բարեփոխումներից մեկն է, և հենց դա է նաև հնարավորություն տալիս, որ ՊԵԿ վարչական շենքը տեղափոխվի Աշտարակի խճուղում գտնվող տարածք։
Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլի 15–ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Երևան–Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը տրամադրել ՊԵԿ–ին։ ՊԵԿ–ը դիմել էր պատկան մարմիններին ու բողոքել, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել ու ապրում են այդ շենքում: ՊՆ նախկին այդ շենքում մի քանի տարի շարունակ բնակություն էին հաստատել քաղաքացիներ, որոնք չէին ցանկանում դուրս գալ շենքից ու բողոքի ակցիաներ էին անցկացրել։