ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. 2024 թ–ին պետական բյուջեով Երևանի մետրոպոլիտենին կհատկացվի 5,5 մլրդ դրամ։ ՀՀ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս ասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մենք բավական լուրջ գումարներ ենք հատկացրել մետրոպոլիտենին, դրանից 4 մլրդ դրամը նոր կայարանի կառուցման համար, իսկ 1.5 մլրդ դրամը` վերանորոգումների»,– ասաց նախարարը։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ֆինանսների նախարարությունը մերժել մետրոպոլիտենին այս տարի հավելյալ գումար հատկացնել հրատապ կարգով պահեստապամասեր ձեռք բերելու համար։
Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը հայտնել էր, որ պետք է հրատապ փոխել 32 անվազույգ և մոտ 200 մլն դրամի պահեստամաս։ Նա հայտարարել էր, որ դիմել են ֆինանսների նախարարություն, սակայն ստացել են մերժում։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը վստահեցրեց` նախարարությունը չի մերժել, պարզապես փորձել է մանրամասները հստակեցնել։
«Մենք քաղաքապետարանից ստացել ենք նամակ, որ տարբեր ծրագրերի համար նախատեսված գումարներից վերաբաշխում է արվում մետրոպոլիտենի այլ ծախսեր անելու համար։ Մենք հարցրել ենք` ի՞նչն է պատճառը, որ այս բանի համար նախատեսված գումարն ուղղվելու է մեկ այլ բանի համար։ Մենք ոչ թե մերժել ենք այդ հայտը, այլ հարցեր ենք տվել հասկանալու համար` եթե ինչ–որ ծրագրից այդ գումարը վերցվում է, հետո վերականգնվելո՞ւ է, թե՞ առհասարակ էլ չի արվելու»,– ասաց նախարարը։
Նա նաև վստահեցրեց, որ 2023թ–ին հատկացված ֆինասավորումից բացի հրատապ դեպքերի համար նախարարության պահուստային ֆոնդից մետրոպոլիտենին գումարներ արդեն հատկացվել են։