Իրանից փորձել են թմրամիջոց տեղափոխել Հայաստան, բայց Մեղրիում բռնվել են. տեսանյութ

Հայտնաբերվել են շուրջ 12 կիլոգրամ ընդհանուր քաշով փաթեթներ, ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են։
Sputnik
ՀՀ երկու քաղաքացիներ Իրանի քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ փորձել են ԻԻՀ–ից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխել Հայաստանի տարածք, սակայն բռնվել են Մեղրի քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
ԱԱԾ–ն տեղեկություններ է ունեցել, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Ա-ն և Գ.Ա-ն ԻԻՀ–ի` ինքնությունը դեռևս չպարզված մի քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով պատրաստվել են հոկտեմբերի 27-ին Իրանից առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ ներկրել Հայաստան։
ՀՀ վերոնշյալ քաղաքացիները Մեղրիում Իրանի քաղաքացուց վերցրել են թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի Երևան։
«Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում վերջիններիս ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Վ.Ա-ն և Գ.Ա-ն ձերբակալվել են»,–նշվում է հաղորդագրությունում։
Հայտնաբերվել են շուրջ 12 կիլոգրամ ընդհանուր քաշով հերոին, մեթամֆետամին, ափիոն և մարիխուանա տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 3 տարբեր փաթեթներ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Թմրանյութեր և արգելված իրեր. ԱԹՍ–ի միջոցով փաթեթ են նետել «Արմավիր» ՔԿՀ–ի տարածք