Իրանի քաղաքացին ՍՊԸ է հիմնել, ՀՀ ներմուծել 1900 տոննա միրգ, որն ամբողջությամբ իրացվել է, սակայն հարկային հաշվարկներում չի արտացոլվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Կատարված նախնական հաշվարկով` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս։
«Ընկերության տնօրենը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,– ասված է հաղորդագրությունում։
Ընկերության տնօրենը տվել է խոստովանական ցուցմունք, ներկայացրել է հարկային հաշվարկները և վերականգնել պատճառված վնասի մի մասը, իսկ մյուս մասը պարտավորվել է վերականգնել սեղմ ժամկետում։
Այժմ միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը ճշտելու և վերականգնելու ուղղությամբ։