ՌԱԴԻՈ

Անշարժ գույքի շուկայում «պաուզա» է. Հարությունովը` պատճառների մասին

Անշարժ գույքի շուկայում ինչ–որ մեծ կամ արտառոց փոփոխություններ տեղի չեն ունեցել, պարզապես գնողունակ մարդկանց սեգմնետին հասու չէ արդեն թանկացած գույքը։
Sputnik
Հայաստանում անշարժ գույքի շուկայի վրա քաղաքական և տարածաշրջանային զարգացումները և Արցախի վերջին իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել, ասվածի վառ օրինակը Երևանում վարձով բնակարանների բացակայությունն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը։
Նրա խոսքով` անշարժ գույքի շուկայում նաև գործարքների կամ առքուվաճառքի նվազում կա, այս տարին մի քիչ պասիվ է, սակայն անցած տարվա համեմատ տարբերությունը մեծ չէ։ Եվ նվազման պատճառն էլ հայտնի է` կիսապատերազմական վիճակն ու Արցախի դեպքերը։
Կադաստրի կոմիտեի տվյալներով` 2023թ.-ի սեպտեմբերին ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացվել է 17 հազար 253 իրավունքի պետական գրանցման գործարք: Գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0․7%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 10.2%-ով: Եվ իրականացվել է առքուվաճառքի 3 հազար 807 գործարք. 2022թ.-ի սեպտեմբերի համեմատ այն նվազել է 7.3%-ով, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ՝ 14.4%-ով:
«Երկրորդային շուկայում այս պահին առքուվաճառքը իրականում մի քիչ կանգնած է, հիմնականում վարձակալության շուկան է շատ ակտիվ։ Մարդիկ սպասողական վիճակում են։ Հայտնի իրադարձություններ տեղի ունեցան, Արցախի հետ կապված մեծ հոսք ունեցանք։ Ու այստեղ նաև գնային աճ միանշանակ կլինի, քանի որ պահանջարկը մեծացել է»,–ասաց նա։
Անշարժ գույքի ոլորտի ներկայացուցիչը կանխատեսում է, որ հաջորդ տարի այս ժամանակահատվածի համեմատ շուկայում գործարքների քանակը բարձր կլինի, իսկ գները միանշանակ կաճեն։
«Դրանք պարզ շուկայական հաշվարկներ են։ Եթե համեմատենք անցյալ և այս տարվա սեպտեմբերները, միանշանակ տարբերությունը կապված է քաղաքական և տարածաշրջանային զարգացումների հետ, այս ամենը միշտ ազդեցություն է ունենում անշարժ գույքի շուկայի վրա»,–ասաց նա։
Ավելին` մեր զրուցակցի դիտարկմամբ ներկա վիճակով պայմանավորված անշարժ գույքի շուկայում հիմա «պաուզա է»։ Հենց հիմա Երևան քաղաքում մարդիկ բնակարան չեն կարողանում վարձել, քանի որ չկա, հագեցած է շուկան։
«Արցախից այսքան մարդ է եկել, և մեծ մասը վարձակալել են այդ բնակարանները, հաշվի առնենք` դրանից առաջ էլ ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված ահագին մեծ հոսք ենք ունեցել, թե՛ այնտեղի մեր հայրենակիցների, թե՛ հենց ՌԴ քաղաքացիների»,–ասաց նա։
Հարությունովը նշում է, որ շուկայում գների տատանումը կապված է փողի ինֆլյացիայի հետ։ Այդ թանկացումներն էլ պատճառ են հանդիսացել, որ անշարժ գույքի շուկայում անկում են ապրել հիփոթեքային գրավադրման գործարքները։ Այդ հարցի վերաբերյալ նա հայկական շուկայում մոնիթորինգն է անցկացրել։
«Մեր շուկան ունի սահմաններ` դա գնորդների գնողունակության սահմանն է։ Մեր շուկայում դա 25-35 միլիոն դրամն է, և վերջին տարիներին, երբ ունենում ենք գնաճ անշարժ գույքի շուկայում, թեկուզ առաջնային շուկայում իրականում պահանջարկը մնում է, այդ մարդկանց գնողունակությունը չի հերիքում բնակարան ձեռք բերելու։ Այն կառուցապատողները, ովքեր նախապես նորմալ հաշվարկ են կատարում, և ինչ –որ պրոյեկտ են բերում շուկա, որը այդ գնորդների սեգմենտին հասանելի է լինում, այդ գույքերը նորմալ վաճառվում են»,–ասաց նա։
Հարությունովը ամփոփելով նշեց, որ իրականում անշարժ գույքի շուկայում ինչ–որ մեծ կամ արտառոց փոփոխություններ տեղի չեն ունեցել, պարզապես գնողունակ մարդկանց սեգմնետին հասու չէ արդեն թանկացած գույքը։
Նշենք, որ e-draft–ում օրենքի նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որով փորձում են որոշակիորեն կարգավորել անշարժ գույքի վարձակալության շուկան և ռիելթորական գործունեությունը։ Այն հեղինակել են ՀՀ վիճակագրական և կադաստրի պետական կոմիտեները։
Նախագծով պետք է կարգավորվի ռիելթորական կազմակերպությունների, անշարժ գույքի կառավարումը, սահմանվի պատվիրատուի և ռիելթորի միջև պայմանագրի պարտադիր կնքումը, սահմանվեն նաև ռիելթորական ծառայությունների տեսակները, անշարժ գույքի կառավարչի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը։
ՀՀ անշարժ գույքի անբարեխիղճ գներն ու 100 հազար անտուն արցախցիները. ո՞րն է լուծումը