ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքում առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը ֆարսի ժանրից է և ծաղր է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Այսօր 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքեց իր մասնակցությունը Մեշալի դեպքերին և հայերենով ներողություն խնդրեց՝ բառացիորեն ասելով, որ այնտեղ չի եղել։ Սակայն թարգմանիչը ներկաներին փոխանցեց, որ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք կատարել են հայերը։ Նա Վագիֆի խոսքերը սխալ մեկնաբանեց»,- գրել է Էդմոն Մարուքյանը։
Նա ընդգծել է, որ ադրբեջանական վարչակարգի օրոք արդար դատավարություն չի կարող իրականացվել, ուստի պետք է անհապաղ ազատ արձակվեն Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից բոլոր գերեվարվածները։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։