ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. 2020–2022 թթ. ձեռք բերված բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները իրագործելու համար պետք է ավելացնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Այս հարցը քննարկվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
«Լավրովը և Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բարձր գնահատական է տրվել հոկտեմբերի 23–ին Թեհրանում արտգործնախարարների մակարդակով կայացած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նիստի արդյունքներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս ձևաչափով հետագա ինտենսիվ աշխատանքը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 23–ին Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել արգործնախարարների մակարդակով։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։
Թեհրանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար առաջին հնարավորությունն էր՝ քննարկելու վերջին զարգացումները։