Իրանի և Հայաստանի միջև նոր կամուրջ կստեղծվի. ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար

Հայ–իրանական սահմանի ներկայիս կամուրջը բավական չէ մեծ ծավալի արտաշրջանառության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իրանը և Հայաստանը նոր սահմանային կամուրջ ստեղծելու վերաբերյալ քննարկում են անցկացրել։ Այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խոսքով` ներկա հայ–իրանական սահմանի կամուրջը բավական չէ այդ մեծ ծավալի արտաշրջանառության համար։
«Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ կամրջի կառուցման հետ կապված աշխատանքային խումբ ձևավորենք և քննարկումները կսկսենք այդ կամրջի շինարարության համար»,–ասաց նա։
Բազրփաշն ընդգծեց, որ դա կարող է իր նպաստը բերել հայ–իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Խոսքը նաև ենթակառուցվածքի ոլորտում այլ ծրագրերի իրականացմանն է վերաբերում։
Վերջապես «Հյուսիս–հարավ» ճանապարհը հասնում է նաև հարավ. ՀՀ ՏԿԵ նախարար
Միևնույն ժամանակ նա հավելեց, որ իրանական կողմի ընկերությունները պատրաստակամ են աջակցել հայկական կողմին տարբեր ծրագրերում։
«Ցանկացած հայկական ընկերություն, որ պատրաստ կլինի Իրանում բնակարանաշինության և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված լինել, մենք մեծ սիրով պատրաստ ենք աջակցել նրանց»,–հավելեց նա։
Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև ներկայիս կամուրջը կառուցվել է 1995 թվականին, Արաքս գետի վրա։
Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն. Բազրփաշ