ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը քիչ առաջ ավիահարվածներ է հասցրել Հոդանան գետի արևմտյան ափին՝ Ջենինում գտնվող Ալ Անսար մզկիթին։ Այս մասին նշված է Իսրայելի պաշտպանական ուժերի X-ի միկրոբլոգում։
Ըստ հետախուզության տվյալների՝ մզկիթում տեղակայված է եղել ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարական կենտրոնը։
ՑԱԽԱԼ-ի հետախուզական տվյալները ցույց են տվել նաև, որ այդ խմբավորումները պլանավորել են ահաբեկչական հարձակումներ քաղաքացիական բնակչության դեմ։
Պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների մասին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 4385 մարդու, ավելի քան 13 հազարը վիրավորվել են։ Իսրայելում, տեղի իշխանությունների տվյալներով, ավելի քան 1300 մարդ է զոհվել։ Տարբեր տվյալներով` ՀԱՄԱՍ–ի գերության մեջ կարող է շուրջ 150 իսրայելցի լինել։ Ինքը` շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 գերի կա։