Դատավորները կկարողանան բողոքարկել ԲԴԽ որոշումները և վերականգնել իրենց լիազորությունները

Ֆեմիդայի արձանիկ
Դատավորի նկատմամբ որոշման բողոքի քննության համար նախատեսվում է երկամսյա ժամկետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում դատավորները կկարողանան բողոքարկել իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունները դադարեցնելու մասին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումները։ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը
«ՀՀ օրենսդրությամբ հնարավոր չէր բողոքարկել ԲԴԽ որոշումները»,– ասաց նա` ներկայացնելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ԱԺ լիագումար նիստում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ։
Դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը քննում է ԲԴԽ–ի 4 անդամ ունեցող կազմը։ Նախարարը տեղեկացրեց, որ բողոքարկման դեպքում ԲԴԽ որոշումները կքննվեն դարձյալ Բարձրագույն դատական խորհրդում, սակայն այլ` վեց անդամից բաղկացած կազմով։
Դատավորի նկատմամբ որոշման բողոքի քննության համար նախատեսվու է երկամսյա ժամկետ։
Մինասյանը նշեց, որ այս նախագծի վրա մանրամասն աշխատել են Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ։
Նրա խոսքով` ԲԴԽ–ի կայացրած հին որոշումները չեն բողոքարկվի, այսինքն` օրենսդրական այս փոփոխությունը հետադարձ ուժ չի ունենա։
Այս հայտարարությունը հիմք ընդունելով` «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է այս նախագծին, քանի որ այդպիսով այն անհավասար պայմաններ է ստեղծում դատավորների համար։
Այդուհանդերձ, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և ուղարկվեց ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։
Գործուն զղջալու հիմքով պատժից կազատվեն նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարածները