«ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈւՊ 1» ՍՊԸ-ն, որը պետական գրանցում է ստացել ընդամենը 3 ամիս առաջ, փորձել է արհեստականորեն ստեղծել ավելացված արժեքի հարկի գումարներ և պետությունից հափշտակել 75 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ «ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈւՊ 1» ՍՊԸ–ն հարկային մարմնին տեղեկացրել է, թե իբրև Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գործարանային հասցեում զբաղվում է հակակոռոզիոն պատրաստուկների արտադրությամբ, որոնք երկու անգամ կարողացել է արտահանել Ռուսաստանի Դաշնություն։
Հակակոռոզիոն նյութ չհանդիսացող ապրանքը փորձելով արտահանել` «ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈւՊ 1» ՍՊԸ–ի տնօրենն այդպիսով փորձել է հափշտակել ձեռք բերված 1․171․085 լիտր ավտոմոբիլային վառելիքի հարկային հաշիվներում արտացոլված ԱԱՀ–ն։
Այդ ժամանակ ՊԵԿ Արևելյան մաքսատուն–վարչության աշխատակիցներն իրականացրել են նմուշառումներ, նշանակվել է փորձաքննություն, որի եզրակացությամբ հաստատվել է, որ արտահանվող ապրանքը հակակորոզիոն պատրաստուկ չէ, այլ շահագործված շարժիչային յուղ է։
«ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈւՊ 1» ՍՊԸ-ի տնօրեն Կ․ Կ․–ն խոստովանել է, որ իրականում չի զբաղվել հակակոռոզիոն պատրաստուկների արտադրությամբ ու դրանց արտահանմամբ և պարտավորվել է վերականգնել պետությանը պատճառված ԱԱՀ 75 մլն դրամ վնասը։
Ընկերության տնօրեն Կ․Կ․–ն ձերբակալվել է, վերականգնել է պետությանը պատճառված վնասի ամբողջ գումարը։