44-օրյայում զոհված Վահե Աբրոյանի մահից հետո ծնողներն արդեն երկրորդ երեխան են ունեցել

Վահեի մայրը կոչ է անում բոլոր որդեկորույս մայրերին ուժ հավաքել և կրկին երեխաներ ունենալ։
Sputnik
44-օրյա պատերազմում զոհված Վահե Աբրոյանի ընտանիքում կրկին երեխա է ծնվել։ Միակ որդու զոհվելուց հետ 2022թ.–ին լույս աշխարհ էր եկել Վահանը, 1.5 տարի անց ընտանիքը կրկին համալրվել է, ծնել է Վանեն։
«Երբ իմացա, որ կրկին հղի եմ, որոշեցի, որ պետք է ամեն ինչ անեմ, որ երեխան լույս աշխարհ գա, ու հիմա նա իր հետ լույս է բերել իմ ընտանիք։ Վահանը իմ հույսն էր, իսկ Վանեն իմ լույսն է»,– «Զինուժի» հետ զրույցում պատմում է Վահե Աբրոյանի մայրը` 40-ամյա Երանուհի Բաղդասարյանը։
Արդեն բազմազավակ մայրը հիմա մի ցանկություն ունի, որ իր օրինակը վարակիչ լինի որդեկորույս մյուս մայրերի համար։
«Խորհուրդ եմ տալիս չերկմտեն` անկախ տարիքից։ Փոքրիկներն ապրելու ուժ են տալիս, իսկ մայրերին ապրելու համար ուժ է պետք, եթե թուլանան, իրենց ոչ ոք չի գնահատի»,– ասում է նա։
Ի դեպ, նախորդ տարի, Վահանի ծնվելուց մեկ ամիս անց, Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել էր Աբրոյանների ընտանիք։ Տիկին Երանուհին դեռ այն ժամանակ էր խոստովանել, որ նորածնի ծնվելուց հետո շատ-շատ բան է փոխվել, մեծ աղջիկներն այնքան են ոգևորվել, որ ցանկություն են հայտնել, որ ընտանիքում ևս մեկ փոքրիկ ծնվի։
Նշենք, որ Վահեն 2020-ի ամռանն էր զորակոչվել բանակ։ 3 ամսվա զինծառայող էր, երբ պատերազմը սկսվեց, նա ծառայել է Ֆիզուլիում։
Զոհվել է հոկտեմբերի 28-ին, Կարմիր շուկայի մարտերում, ԱԹՍ-ի հարվածից։