Իսրայելը հայտարարել է «Համասի» օբյեկտների ոչնչացման մասին. շենքերին հարվածելու կադրերը

Իսրայել
Գրոհայինները սպառնացել են ի պատասխան հրթիռներ արձակել Թել Ավիվի ուղղությամբ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ իրենց կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի բարձրահարկ շենքերին, որտեղ «Համասի» ռազմական ենթակառուցվածք է եղել: Տեղեկությունը հայտնում է «Sky News»–ը` հրապարակելով «Պաղեստինյան աշտարակ» անվանումով հայտնի շենքերին հարվածելու կադրերը:
«Al Jazeera»-ի թղթակիցն էլ հայտնում է, որ շենքում նաև բնակելի տարածքներ կան։
Իսրայելի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ ՑԱԽԱԼ-ը նախապես զգուշացրել է շենքի բնակիչներին և խնդրել, որ հեռանան։
««Համաս» ահաբեկչական կազմակերպությունն իր ռազմական ակտիվները միտումնավոր տեղաբաշխում է Գազայի հատվածի քաղաքացիական բնակչության կենտրոնում»,– հավելել են իսրայելական բանակի ներկայացուցիչները:
«Համասը» սպառնում է հրթիռներ արձակել Թել Ավիվի ուղղությամբ ի պատասխան ՑԱԽԱԼ-ի՝ աշտարակներին հասցված հարվածների: 2022 թվականին իսրայելական զինվորականների կողմից Գազայի գնդակոծության ժամանակ արկերն արդեն ընկել էին «Պաղեստինյան աշտարակի» վրա, այն ժամանակ սպանվել էր պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդ Թայսիր Ալ Ջաբարին։
Հիշեցնենք` այսօր առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
ՆԱՏՕ-ում դատապարտել են «Համասի» հարձակումը, ԱՄՆ-ն խոստում է տվել Իսրայելին
Պաղեստինյան «Համաս» շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում «Համասի» դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։ Նա հրահանգել է պահեստազորայինների զորահավաք իրականացնել:
Իրանն աջակցություն է հայտնում Պաղեստինին. ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական