Ադրբեջանի դեմ ՀՀ–ի ներկայացրած հայցը ՄԱԿ–ի դատարանում կքննվի հոկտեմբերի 12-ին

ՄԱԿ-ի միջազգային դատարան
Լսումները վերաբերելու են Բաքվի նկատմամբ ժամանակավոր միջոցներ սահմանելու մասին պահանջին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի պատճառով Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ լսումների օր է նշանակել հոկտեմբերի 12-ը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է դատարանի հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանը հայցադիմում է ներկայացրել միջազգային իրավունքում ամրագրված իրավունքների պահպանման և պաշտպանության համար` «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխան` կոչ անելով միջանկյալ միջոցներ ձեռնարկել Բաքվի նկատմամբ:
«Միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը, հինգշաբթի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, կանցկացնի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) կիրառման գործով հանրային լսումներ», - ասված է դատարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։