«Շուկան շատ տարբեր ձևով արձագանքեց. կային մարդիկ, որոնք պատրաստ էին սիրով իրենց տները, բնակարանները անհատույց տրամադրել արցախցի մեր հայրենակիցներին։ Կային և մարդիկ, որոնք իրենց 300 000 դրամանոց բնակարանը արցախցիներին 200 000–ով էին պատրաստ հանձնել։ Բայց կար և բավականին մեծ զանգված, որը վարձակալության հանձնվող գույքի արժեքները բարձրացրեց աբսուրդի հասնող չափերի։ Նույնիսկ եղան այնպիսիք, որ հայտարարեցին` ավելի լավ է` ռուսներին տանք բարձր արժեքով, քան արցախցիներին»,– պատմեց մեր զրուցակիցը։
«Դա ծաղր է, օժանդակություն չէ։ Այդ գումարը հազիվ կոմունալ վճարներին բավարարի։ Այդ գնով ուղղակի գոյություն չունեն բնակարաններ Երևան քաղաքում իր արվարձաններով։ Դա հազիվ կոմունալ վճարների փոխհատուցում է, հատկապես որ ձմեռ է առջևում, և ձմռանը միայն գազի ծախսը մեծ գումար կկազմի։ Իհարկե, այդ 40 000–ը ինչ–որ բան է, բայց դա շատ փոքր գումար է բնակարանի վարձավճարի հատուցման համար»,– ասաց նա։