Պայթյուն Պակիստանում` մզկիթի մոտակայքում. ավելի քան 50 մարդ է մահացել

Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ մարդիկ հավաքվում էին` նշելու Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրը։ Տեղի իշխանությունները հակված են կարծելու, որ պայթուցիկ սարքը գործարկել է մահապարտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Պակիստանի Բելուժիստան նահանգում գտնվող մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունից մահացածների թիվը հասել է 52-ի, ճշտված տվյալներով` տուժել է ավելի քան 50 մարդ։ Այս մասին հայտնում է The Dawn պարբերականը։
Պայթյունը տեղի է ունեցել Մաստունգ քաղաքում այն պահին, երբ բնակիչները հավաքվել էին մզկիթում` նշելու Մավլիդը (Մուհամմեդ մարգարեի ծննդյան օր)։ Իշխանությունները կարծում են, որ պայթյունը մահապարտ է իրագործել։
Ինչպես պարբերականին հայտնել են տեղի առողջապահական մարմինների ներկայացուցիչները, նախկինում ավելի քան 130 տուժածների մասին տարածած տեղեկությունները ճիշտ չէին։ Սխալը տեղի է ունեցել այն պատճառով, որ երկու հիվանդանոցները նույն տվյալներն են հրապարակել։