Էջմիածնում բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով կինը 5 անձից գումարներ է հափշտակել

48-ամյա կինն ընդունել է մեղքը, ապահովվել է վնասի ամբողջական փոխհատուցումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում երկու բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով Վաղարշապատի 48-ամյա բնակչուհին 5 անձից խարդախությամբ հափշտակություններ է կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչականա կոմիտեն։
Պարզվել է, որ կինը իր խարդախութանը զոհ դարձած անձանց ներկայացել է որպես Էջմիածին քաղաքում գտնվող 2 բնակարանների սեփականատեր, մինչդեռ եղել է այդ բնակարաններից մեկի վարձակալը։
«2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում բնակարանները վարձակալելու համար հայտարարության կամ այլ անձանցից տեղեկանալու միջոցով իր հետ կապ հաստատած 5 տարբեր անձանցից, որպես մի քանի ամսվա վարձավճար, ստացել է տարբեր չափերով՝ 160․000-ից մինչև 300․000 ՀՀ դրամ կամ 400-500 ԱՄՆ դոլար գումարներ և խարդախությամբ հափշտակել դրանք»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա կնոջը մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով):
Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է բացակայելու արգելքը: Վերջիս ընդունել է մեղքը, քննությամբ ապահովվել է վնասի ամբողջական փոխհատուցում:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։