Խաղաղապահների ուղղաթիռների անձնակազմերն ավարտել են ԼՂ–ում պայթյունից տուժածների տարհանումը

Ընդհանուր առմամբ իրականացվել է 42 սանիտարական թռիչք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղղաթիռների անձնակազմերն ավարտել են Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից տուժածների ավիասանիտարական տարհանումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ընդհանուր առմամբ իրականացվել է 42 սանիտարական թռիչք, որոնց ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկների կողմից տարհանվել է 258 մարդ։ Տարհանվել են նաև Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի այն հիվանդները, որոնք բժշկական և վերակենդանացման օգնության կարիք ունեն»,– ասված է հաղորդագրությունում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում 522 խաղաղ բնակիչ է կա, այդ թվում ՝ 293 երեխա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։ Հաստատված մահերի թիվը 68 է: Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի մոտակայքում գրանցված պայթյունից հետո Արցախի բժշկական կենտրոններ տեղափոխված բոլոր տուժածները (349 մարդ) արդեն Հայաստանում են։