ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար հայկական Արցախի էջը երբեք փակված չի լինելու։ Այս մասին նա հայտարարեց իր գործով դատական նիստից հետո` լրագրողների հետ ճեպազրույցում։
Անդրադառնալով իր դեմ նախաձեռնված քրեական վարույթին` Սերժ Սարգսյանը նշեց, որ արդիական է ճշմարտությունը։
«Մենք ևս մեկ անգամ եկանք այն եզրակացության, որ հուսահատությունը մեղք է, ճշմարտությունը մեզ համար եղել ու մնում է արդիական»։
Խոսելով հայկական Արցախի էջն իր համար փակված չլինելու մասին` ՀՀ երրորդ նախագահն ավելացրեց.
«Թեև հպարտությունն ավելի ծանր մեղք է, քան հուսահատությունը, լավ կլինի, որ մարդկանց փորձենք բացատրել այս ճշմարտությունը ևս»,– ասաց նախագահ Սարգսյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։