ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխված բուժառուներից 7-ը երևանյան տարբեր հիվանդանոցներում մահացել են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
«Ժամը 11։00-ի դրությամբ 7 մահ է գրանցվել։ Մահացած 6 բուժառուն Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին էին, իսկ մեկը վիրավորում էր ստացել։ Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխվել է 349 բուժառու, և նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Ցավոք, դեպքեր են պատահում, որ նրանց մի մասի վիրավորումներն ու վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են լինում»,– նշեցին նախարությունից։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 66 հազար 500 անձ:
Առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։