ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի-Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիները, որոնք ժամանում են Գորիսում տեղակայված առաջին օգնության կետեր,նախևառաջ հոգեբանական աջակցության կարիք ունեն: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Գորիսի հիվանդանոցի բուժքույր Էվելինա Գալստյանը։
Նրա խոսքով ՝ հատուկ ստեղծված կետերում քաղաքացիներին ցուցաբերվում է անհրաժեշտ առաջին օգնությունը, այդ թվում ՝ հոգեբանական, մասնագետներն օգնում են քաղաքացիներին դուրս գալ սթրեսային վիճակից:
«Մարդիկ հիմնականում դիմում են մկանային, գոտկատեղային ցավերով, նկատվում է նաև շնչուղիների ախտահարում։ Շատերը վատ վիճակում են թերսնման պատճառով», - ասաց էվելինա Գալստյանը։
Քաղաքացիները բողոքում են նաև սրտի հետ կապված խնդիրներից և արյան ճնշման բարձրացումներից, շատ են մրսած երեխաները:
Բուժքույրը պատմեց, որ օգնության դիմած քաղաքացիների մեջ եղել է նաև 9-ամյա երեխա, նրա ինքնազգացողությունը վատացել է սթրեսի և թերսնման պատճառով: Նրան նույնպես օգնություն է ցուցաբերվել։3 մարդ ուղեղի կաթվածով հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն։
Էվելինա Գալստյանը նշեց, որ դեղորայքը բավարար է, Գորիսի բժշկական կենտրոնը հագեցած է անհրաժեշտ ամեն ինչով:
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գորիսից, վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի բնակիչների նոր հոսք է ժամանել Գորիսի մշակույթի կենտրոն։ Նրանք հիմնականում Մարտակերտի և Մարտունու շրջաններից են, ինչպես նաև Ստեփանակերտից:
ԼՂ–ից դեպի ՀՀ ավտոմեքենաների մեծ հոսքի պատճառով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին առաջացել է բազմակիլոմետրանոց խցանում: Շատերը ճանապարհին են անցկացնում ավելի քան 24 ժամ։ Հատուկ բացված կետերում նրանց սնունդ ու դեղորայք են տրամադրում։ Այստեղ նաև հագուստի տուփեր են դրված (հիմնականում`մանկական) նրանց համար, ովքեր ստիպված են եղել շտապ լքել իրենց տունը առանց իրերի։
Նշենք, որ սեպտեմբերի 26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։